Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-ն 20 հազար դոլար է ծախսում ամսագրերի վրա. ինչ շոկեր են մեզ սպասվում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0a2779ff32a27bed242c95c558c98126

2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հետաքրքրվեց՝ արդյոք նա եւս փորձելու է կոծկել ու չանդրադառնալ իր նախորդների սխալներին ու ձախողումներին: Ի պատասխան նախարարը նշեց, որ ինքն է հայտարարել այդ մասին, որ իր նախորդների մասին չի խոսելու. «Մենք պետք է գործընկերության սոլիդարությունը պահպանենք: Եթե կան խեղումներ, ապա դրանք պետք է վերացնել, ընդունելի չէ, որ ես իմ նախորդներին անընդհատ քննադատեմ, ու իմ սեփական անձը բարձրացնեմ: Մենք պետք է ախտորոշենք խնդիրն ու շարժվենք առաջ»: Իսկ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ներկայացնելով եկող տարվա իրենց ծախսերը, նշեց, որ էական խնայողություններ են արել տրանսպորտային միջոցների, ծառայողական կապի վրա. «Իսկ աշխատավարձերի ավելացումը կլինի ավելի ցածր մակարդակի վրա, քան ավանդաբար ունեցել ենք»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց նրանից՝ ի՞նչ նոր շոկեր են սպասվում մեզ եկող տարի. «Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են սպասվում այդ ուղղությամբ: Նաեւ՝ արտարժույթի ներկա կուրսն ինչպիսի՞ բացասական ազդեցություններ կարող է ունենալ արտահանման վրա»: Ներսես Երիցյանը նշեց, որ այդ շոկերն անկանխատեսելի են. «Դրա համար դրամավարկային քաղաքականությունն աստիճանաբար ենք իրականացնում, որպեսզի խարսխենք տնտեսվարողների ու քաղաքացիների սպասումները»: Արամ Մանուկյանն իր հերթին Ներսես Երիցյանին հարց ուղղելով՝ նշեց, որ ԿԲ թվերին նայելով՝ հասկանում է՝ շատ շքեղ են ապրում ԿԲ-ում. «Քսան հազար դոլար՝ ամսագրեր, գրականություն ձեռք բերելու համար: Երկրի ընդհանուր վիճակին, պատերազմական վիճակին նայեք, պոպուլիստ չեք, է, ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք, անապատի մեջ ծաղիկ լինեք, որ լավ փթթում, ապրում եք: Անհարիր է՝ ընդհանուր թշվառության համեմատության մեջ՝ 35 տոկոս աղքատություն...»: «Սա հա՞րց էր, թե՞...»,- հետաքրքրվեց Ներսես Երիցյանը: «Ահ, ես շատ գիտեմ»,- հուսահատ արձագանքեց Արամ Մանուկյանը: Այնուհետեւ, Ներսես Երիցյանը պատասխանեց՝ ասելով. «Միայն մասնագիտական գրականությունը, որ կարողանանք մեր վերլուծական ունակությունները կատարելագործենք, մի քանի հազար դոլար արժե դրանց տարեկան անդամագրումը: Այն բավականին թանկ է, սակայն դրանից չօգտվել՝ նշանակում է դառնալ հետամնաց ու կորցնել մրցունակությունը մյուս բանկերի համեմատ»: