47 մլն դրամ` պետական մրցանակների համար (տեսանյութ)
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվեցին 2017թ. պետական բյուջեի քննարկումները: Երբ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնում էր եկող տարվա ծախսերն ու կրճատումները, ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը վրդովվեց՝ հարց ուղղելով. «Ինչո՞ւ է ԱԺ-ից Կառավարության համեմատ 54 մլն դրամ ավելի կրճատվել: Խնդրում եմ վերականգնել մեր գումարը՝ պատուհանների խնդիր կա, հազար ու մի հարց կա:Ես պաշտպանում եմ մեր գերատեսչության շահը»: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ կրճատումը պայմանավորված է առաջիկա ԱԺ ընտրություններով, որից հետո պատգամավորների թիվը կարող է այսօրվա 131-ը չլինի, այլ ավելի քիչ լինի. «Դա կարող է բերել միջոցների ավելի քիչ կարիքի: Կլինի պատգամավորների թվի ավելացում, կքննարկվի լրացուցիչ հատկացումների հարցը: Որեւէ նպատակ չի եղել որեւէ մարմնի գործունեությունը խաթարել»: Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ներկայացնելով եկող տարվա իրենց ծախսերը, նշեց, որ իրենց աշխատակազմի հատկացումը կազմում է մոտ 5 մլրդ դրամ. «Այս գումարը 574 մլն դրամով կամ 47 տոկոսով նվազել է, որը պայմանավորված է աշխատակազմի ազգային անվտանգության խորհրդի կառավարչական հիմնարկի լուծարմամբ: Փոխարենն այժմ ձևավորվել է քարտուղարությունը: Տնտեսագիտական հոդվածներով եղել են նաեւ նվազեցումներ: Հատկացումները՝ շուրջ 47 մլն դրամ, նախատեսված է պետական մրցանակների համար»: Ստորև՝ Արմեն Գևորգյանի ելույթը