Ազատ խուց չկա՝ հացադուլավորին տեղափոխելու համար
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 3-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին այլ խուց չեն տեղափոխում, քանի որ ազատ խուց չկա, եւ հիմնարկը գերծանրաբեռնված է. այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի ծառայությունից: Մամուլի ծառայությունից միաժամանակ փոխանցեցին, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որ երեկ խնդրի մասին բարձրաձայնել էր Նարեկ Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին համապատասխան խուց չտեղափոխելով նրա նկատմամբ ցուցաբերվում է անմարդկային վերաբերմունք, քանի որ խցում մեկ տասնյակից ավելի կալանավորներ կան, որոնք սնվում են: Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Սարգսյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով և մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին: Այս գործով անցնում են նաեւ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը եւ Ալբերտ Ավագյանը: Նրանց եւս նույն մեղադրանքն է առաջադրվել: Գործն ընդհատության կարգով ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Առաջիկա դատական նիստը նշանակված է նոյեմբերի 18-ին: Ավելի ուշ պաշտպանը մեզ հայտնեց, որ տեսակցել է Նարեկ Սարգսյանին, և վերջինս հերքել է լուրը, որ իրեն այս օրերի ընթացքում բժիշկ է այցելել։