«Իր վրա պայթուցիկ են նետել, ինքն էլ՝ քար» (տեսանյութ)
Հուլիսյան բախումներից հետո կալանավորված քաղաքացիների հարազատները Սերժ Սարգսյանի ուշադրությունն են հրավիրում մի դատավարության վրա, որը դեռ չի մեկնարկել։ Նրանք պարզապես չեն հավատում Հայաստանի դատական համակարգի արդարությանը։ « Երեք ամիս է արդեն նստած են, դատական նիստ չի կայանում: Դրա համար մենք պահանջում ենք նախագահից օբյեկտիվորեն վերաբերվել եւ հրահանգ տալ, որպեսզի կայացնեն արդարացի որոշում»,- ասաց Սոսո Մարգարյանի հայրը՝ Իշխան Մարգարյանը: Սոսո Մարգարյանը, Արսեն Մկրտումյանը եւ Գագիկ Միքայելյանը մեղադրվում են 46 ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեջ: « Եթե անգամ քարը նետել է, դա ես համարում եմ նորմալ, որովհետեւ իր վրա էլ գցել են պայթուցիկ: Ինքն էլ նորմալ է, քարը վերցրել, նետել է, արտառոց բան չեմ տեսնում դրա մեջ»,- նշում է Գագիկ Միքայելյանի մայրը՝ Անահիտ Պողոսյանը : Իսկ Սոսո Մարգարյանի հորեղբայրն էլ ավելացնում է: «Եթե Սոսո Մարգարյանը կարող է 46 ոստիկանի հարվածել, այդ ոստիկաններին ազատ արձակեք, Սոսո Մարգարյանին էլ ընդունեք գործի: Մենք էլ՝ հարկատուներս, ահագին օգուտ կանենք դրանից»: Հարազատներին նաեւ հետաքրքրում է, եթե արդար նախաքննություն են իրականացրել, ինչու ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել: «Նկարի մեջ երեւում է, որ ոտքով հարվածում է վահանին, դրա համար տանում են 8 տարի դատեն Տեսնում ենք, որ ոստիկանը պառկած ցուցարարին հարվածում է թեկուզ ոտքով, թեկուզ մահակով»: Հարազատները վաղը կրկին կհավաքվեն նախագահական նստավայրի դիմաց: Իսկ նոյեմբերի 4-ին տեղի կունենա այս գործով առաջին դատական նիստը: Էրեբունի եւ Նուրաբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ընդհատության կարգով այն ուղարկվել է Կենտրոնի դատարան: