«Սա բիզնես խլել է». տնտեսագետը՝ Սերժ Սարգսյանի որոշման մասին (տեսանյութ)
Երևանի փողոցներում և Հայաստանի ճանապարհներին տեղադրված արագաչափերից, կարմիր գծերից ու տեսախցիկներից գոյացած եկամուտները կտնօրինի պետությունը։ Սերժ Սարգսյանն իր այս որոշման մասին հայտնել է նախագահականում խորհրդակցության ժամանակ։ «10 օրվա ընթացքում ձեռնարկել համապատասխան միջոցներ, այդ թվում՝ նաև բանակցություններ, ֆինանսական ողջ հոսքերը պետական, համայնքային համապատասխան մարմինների կողմից կառավարելու համար»,- ասել է նա։ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը գործունեությունն սկսեց 2011 թվականից։ Հայաստանի ողջ տարածքում տեղադրվեցին երթևեկությունը վերահսկող 100-ավոր տեսախցիկներ ու արագաչափեր։ Նորամուծությունը դարձավ ավտովարողների դժգության պատճառ։ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ եկամուտներից կզրկվի նաև Երևանում ավտոկայանատեղերի կազմակերպմամբ զբաղվող Փարքինգ Սիթի ընկերությունը։ Ինչ դիրքորոշում ունեն երկու ընկերությունները՝ իշխանության այս որոշման շուրջ, հնարավոր չեղավ ճշտել։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի վստահեցմամբ՝ խոսքը խիստ բացասական երևույթի մասին է։ «Մեր երկրում այսպիսի հանցավոր բաներ պիտի չարվեն, հետո էլ ձեռներից խլելով մի հատ էլ հարված հասցնեն երկրին։ Պատժվեն այն անձինք, որ այսպիսի սխեմաներ են աշխատացրել։ Սա երկրի հեղինակությունը հարված է։ Իհարկե, արդարությունը պահանջում է, որ այսպես չշարունակվի, բայց էս եղանակներով, 10-օրյա ժամկետում գյադեք աջ կամ ձախ գնացեք, սա ծանր վճիռ է»։ Ով է ի սկզաբե որոշել ճանապարհներին տեսախցիկներ տեղադրելով ու կարմիր գծեր քաշելով, քաղաքացիներից գումարներ գանձել։ Պետք է իրավական գնահատականի արժանանա այս հարցը։ Բիզնեսի ու քաղաքացիների հետ նման կերպ վարվելը տնտեսագետին հակաիրավական քայլ է հիշեցնում։ «Եթե իրավական տեսանկյունից մոտենանք, այո բիզնես խլել է։ Մեր երկրում կարևորագույն հարցերից մեկը սեփականության իրավունքը պաշտպանելն է։ Ես մտածում եմ՝ միշտ որևէ բիզնեսին կպչելը ավելի վատ հետևանքներ կարող է առաջացնել՝ ի դեմս ներդրումների պակասի»,- ասում է պարոն Ասատրյանը։ Տնտեսագետը պնդում է՝ իշխանությունները պետք է առաջին հերթին մտածեն Հայաստանի բնական պաշարներն ի շահ պետության ծառայեցնելու մասին։ Երկրի հարստություն հանդիսացող հանքահումքային ոլորտից շահույթներ ստանում են մասնավոր ընկերությունները։ «Ամբողջ ընդերքը մեջ-մեջ է արված։ Մի հատ մրցույթի մասին ասեք, որը հրապարակային է եղել, որին պայմաններ են դրված եղել։ Դնեիք մի հատ սխեմա, սա Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր ուղղություններից մեկն է եղել։ Պահանջ դրեք, որ այս ոլորտում ներգրավվածները վերամշակման և այլ ցիկլեր ապահովեն։ Այս պարագայում տվեք այս հանքերը»,- առաջարկում է տնտեսագետը։ Նման դեպքերը բացառելու համար Բագրատ Ասատրյանը պարտադիր կատարման հարց է համարում պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացումը։