Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր համարձակությունը չի հերիքում ասել իրականությունը». Արամ Մանուկյանը՝ նախարարին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին չեն համոզում առաջիկայում տնտեսական լուրջ զարգացումների մասին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքերը։ Վերջինս այդ մասին նշեց Ազգային ժողովում Տնտեսական հարցերով հանձնաժողովում պետական բյուջեի տնտեսական բլոկի քննարկման ժամանակ։ «Դուք նախարար եք տնտեսական զարգացման և ներդրումների, մի բանի, որ երկուսն էլ չկա։ Դրա համար նախանձում եմ ձեր համարձակությանը, որ որոշել եք ղեկավարել այս նախարարությունը»,- ասաց Արամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորը Սուրեն Կարայանից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ են վերջին տարիներին Հայաստանում ներդրումները երկու անգամ նվազել։ Արամ Մանուկյանը կարևոր համարեց ներկա տնտեսական իրավիճակի գնահատումը և ախտորոշումը։ Նա այսպիսի հարց ուղղեց նախարարին. «Ձեր համարձակությունը չի հերիքում ասելու այսօրվա իրական վիճակը։ Հայաստանում հայաստանցիների գումարը պաշտպանված չէ և դուրս է հոսում, ինչո՞ւ ուրիշը դրսից պետք է գումար բերի ներս»։ Սուրեն Կարայանն ի պատասխան ասաց, որ իրենք խնդիր չունեն ներկա իրավիճակը չգնահատելու։ Կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական իրավիճակի լուրջ ախտորոշում պետք է տա։ «Ներկայումս մենք այդ գործընթացի մեջ ենք, դրանից հետո մենք պետք է վերհանենք բոլոր այն քայլերն ու միջոցառումները, որ պետք է իրականացնենք, որ ուղղենք իրավիճակը»։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը շեշտեց՝ Էկոնոմիկայի նախարարության անվանափոխումից հետո լուրջ փոփոխությունների բացակայության պայմաններում մեծ հիասթափություն է լինելու։ Նա խնդրեց Էկոնոմիկային նախարարին կոնկրետ մատնանշել, թե ինչն է ՀՀ տնտեսության խոչընդոտը։ Սուրեն Կարայանի դիտարկմամբ Հայաստանն այս պահին էլ զարգանում է, սակայն իրենց նպատակն է, որ ավելի լավ զարգանա։ Վերջին ժամանակաշրջանում Հայաստանը մշտապես տնտեսական աճ է գրանցել «Եթե համեմատական ենք տանում տարածաշրջանի այլ երկրների հետ, մենք այդպիսի վատ վիճակում չենք»։ Վահե Էնֆիաջյանը համաձայնեց, որ կայուն աճ կա. «Այո, արտաքին պարտքը կայուն աճում է»։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց ի՞նչ է տալու Հայաստանի տնտեսությանը Համաշխարհային բանկի Doing Buisness-ի վարկանիշում 4 կամ 34 կետով առաջ գնալը։ «ՀՆԱ-ի մեջ ի՞նչ լուրջ արդյունք է ունեցել մինչև հիմա»։ Սուրեն Կարայանը պատասխանեց, որ տարիների ընթացքում հիշյալ սանդղակում աճ գրանցելը տվել է այն, որ ունեցել ենք տնտեսական աճ. «Doing Buisness-ի վարկանիշում  առաջ գնալը նշանակում է, որ մենք անընդհատ բարելավելու ենք մեր գործարար  և ներդրումային միջավայրը՝ ի համեմատություն մեր տարածաշրջանի հարևան երկրների»։