Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

83- ամյա նախկին օդաչուն կառավարությանը չի վճարի 1,5 մլն դրամը

Հասարակություն
toshakaru-470x265

Նախկին օդաչու, 83- ամյա Միքայել Պողոսյանը կառավարությանը չի վճարի մոտ  1,5 մլն դրամը, որը նրան տարիների ընթացքում  վճարվել է որպես կենսաթոշակ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական պետական ծառայության հայցն ընդդեմ Միքայել Պողոսյանի ավել վճարված կենսաթոշակի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը: Դատարանը գտել է, որ վնասի առաջացման մեջ բացակայում է Միքայել Պողոսյանի ոչ իրավաչափ վարքագիծը, մեղքը, քանի որ նրա կողմից ներկայացված փաստաթղթերը պարունակել են հավաստի, ճիշտ տեղեկություններ, իսկ ստաժի սխալ հաշվարկման պատճառ է հանդիսացել տարածքային բաժնի աշխատակցի անփութությունը, թերի աշխատանքը։ Նման պայմաններում, երբ Միքայել Պողոսյանը չի հանդիսանում վնաս պատճառած անձ, առկա չէ նրա ոչ իրավաչափ վարքագիծն, ինչպես նաև մեղքը, ակնհայտ է, որ չի կարող առկա լինել նաև վնասի մյուս վավերապայմանը վնաս պատճառած անձի ոչ իրավաչափ վարքագծի և առաջացած վնասի միջև պատճառահետևանքային կապը։ «Հայցվորի կողմից վկայակոչած փաստական հանգամանքներից ակնհայտ է, որ վնասի առաջացման պատճառ է հանդիսացել տարածքային բաժնի աշխատակցի թերի աշխատանքը, ուստի վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել միայն նրա դեմ»,- գրված է դատարանի որոշման մեջ։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան: Մինչ դատաքննությունը, «Ա1+»-ը զրուցել էր Միքայել Պողոսյանի հետ: 83-ամյա  թոշակառուն նշել էր, որ  ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունից հետո  պարզվել է, որ ստաժն ավել է հաշվարկվել, սակայն դա ոչ թե իր մեղքով է եղել, այլ աշխատակցի: