Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հենց ՏՏ մասնագետները հմտանում են, արտագաղթում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
9trWo-xBeo0

Կառավարությունը բանակցում է մասնավոր ներդրողների հետ՝ Հյուսիս-հարավ մայրուղու որոշ հատվածներ համատեղ կառուցելու համար.  «Ունենք հատվածներ՝ թունելների և կամուրջների կառուցում, որ կարող ենք իրականացնել մասնավոր ներդրողների հետ։ Դրանով իսկ կթեթևանա Հյուսիս-հարավի վարկային բեռը»,- ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովում պետական բյուջեի տնտեսական բլոկի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նա պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մեկ այլ հարցի էլ՝ արդյո՞ք մայրուղու կառուցման ընթացքում անհրաժեշտ է լինելու նոր վարկային միջոցներ ներգրավել. «Իհարկե, եթե կառուցվի, լինելու է, բայց արդյունավետությունը գնահատելուց հետո, տեսնելուց հետո, թե ո՞ր հատվածները պետք է շարունակվի»։ Իսկ արդյո՞ք հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված է համայնքային նշանակության ճանապարհների արդիականացում կամ վերանորոգում։ Պատգամավորներից մեկը խնդրեց նաև նշել, թե որ հատվածներում է նախատեսված. «Ներգրավված են բոլոր մարզերը, երկու տարվա ծրագիր ունենք։ Որը որ կոնկրետ բյուջեից 5 միլիարդ չափով է։ Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումը կլինի Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ»,- ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Նրա պնդմամբ՝ կան բազմաթիվ աշխատատեղեր, սակայն աշխատողների թիվը չի աճում՝ 14-15 000 է։ «Երբ որ մասնագետները հմտանում են, արտագաղթում են, ի՞նչ եք մտածում սրա շուրջ՝ նրանց պահելու համար»։ Վահան Մարտիրոսյանը համաձայնեց, որ ՏՏ-ն արագ զարգացող ոլորտ է։ Նրա տվյալներում՝ ոլորտում այս պահին 2000 աշխատողի պակաս կա։ Հարցի լուծումը տեսնում է կրթական ծրագրերի միջոցով. «Քննարկումներ ունենք ՏՏ ոլորտի և  Կրթության և գիտության նախարարության հետ՝ կրթական նոր ծրագրեր մշակելու համար։ 5-7 տարի ժամանակ է հարկավոր»։ Պարոն Մելքումյանը խնդրահարույց համարեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը. «Ձգձգվում է»։ Սրան զուգահեռ՝ արդեն կառուցվում է Իրան-Ադրբեջան երկաթուղին. «Ի՞նչ ենք անում, որ այս պրոյեկտն իրականություն դառնա»։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ոչ իրական է համարում երկաթուղու կառուցումը՝ պետական բյուջեի միջոցներով։ «Մենք հանդիպումներ և քննարկումներ ենք ունենում մասնավոր հատվածի հետ՝ փորձում ներկայացնել գրավչական մասերը։ Համաձայն եմ, որ Ադրբեջանով արդեն կառուցվում է, բայց Հայաստանով ավելի կարճ է, տնտեսապես կարող է շահավետ լինել»։ Նախարարը նաև պնդեց՝ մասնավորի հետ քննարկումների վերաբերյալ այս պահին արդյունքներ չկան։