Վեհափառ Հայրապետը՝ Նյու Ջերսիի Հովնանյան վարժարանում
Մասնավոր այցով Նյու Յորքում գտնվելով Ամենայն Հայեց Կաթողիկոս Գարեգին երկրորդը, նոյեմբերի 8-ին, ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ հանդիպում ունեցավ Նյու Ջերսիի Հովնանյան և Նյու Յորքի Սրբոց Նահատակաց քույր վարժարանի սաների հետ ։ Վեհափառ Հայրապետին աշակերտները դիմավորեցին աղ ու հացով ։ Հանդիսավոր ցերեկույթը բացեց Հովնանյան վարժարանի տնօրենուհի Շաքե Թաշչյանը ։ Շնորհակալական խոսք ասաց նաև Սրբոց Նահատակաց վարժարանի տնօրենուհի Սեդա Դավթյան-Մկրյանը ։ Հյուրերին ողջունեց նաև Հովնանյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Նազար Ալթունը։ Այնուհետ երկու վարժարանի սաները արտասանեցին հայ գրողների բանաստեղծություններ, կատարեցին խմբակային երգեր։
«Մեզ համար օրհնություն է, ուրախություն է՝ վայելել Վեհափառի ներկայությունը այստեղ։ Եվ ես կաղոթեմ, որ դուք բոլորդ էլ առիթ ունենաք երթաք Հայաստան, այցելեք Մայր աթոռ սբ․Էջմիածին, որը հայաստանյայց առաքելական եկեղեցվո կենտրոնն է։ Այն հաստատված է Գրիգոր Լուսավորչի կողմից՝ 301թ։ Մայր աթոռ սբ, Էջմիածնյա տաճարը աշխարհի ամենահնագույն տաճարն է։ Ահավասիկ մենք ուրախ ենք, բախտավոր ենք , որ այսօր Մայր աթոռ սբ․ Էջմիածնեն, սրբության սրբոց Հայաստանյայց Առաքելական եկեղեցվո կենտրոնեն Վեհափառ Հայրապետը եկած է ձեզ օրհնելու, որի համար մեր խորին շնորհակալությունը կհայտնեք Վեհափառին»,- իր ողջույնի խոսքում ասաց ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը իր օրհնության խոսքն ու պատգամը փոխանցեց բոլորին. «Մենք մասնավոր այցով ենք եկել Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքում գերագույն հոգևոր խորհրդի ժողով անցկացնելու ։ Այդ միջոցառումների շարքին ներկայացվեց նաև մեր այցը Հովնանյան վարժարան ։ Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որ առիթ ունեմ իմ սերն ու օրհնությունը բերելու ձեզ, ամենքին։ Այս հաստատությունը լեցուն է մեր սրբազան հայրերի օրհնությամբ ։ Այստեղ ձեզ հետ խոսում և օրհնում է Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Վարդան զորավարը, Անդրանիկը ։ Այստեղ բույրն է մեր մեծերի, ովքեր կերտել են մեր ժողովրդի փառքը, ովքեր կերտել են գանձարանը մեր մշակույթի ։ Իրապես մեծ պատիվ է, որ դուք այս հաստատության մեջ եք սովորում ։ Միայն այստեղ դուք կարող եք ճանաչել ձեր երկիրը, ձեր Հայրենիքը՝ Հայաստան դրախտավայրը։ Ու այսօր մենք հպարտությամբ լծված ենք վերստին մեր կյանքի շինության գործին, ինչպես Սփյուռքում, մեր Հայրենիքում և Արցախում ։ Մենք դիմագրավելով բոլոր դժվարությունները, կերտում ենք մեր Հայրենիքը»,- իր հայրապետական պատգամում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ
Լուսանկարները՝ հեղինակի