Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփն ամերիկացիներին դուրս բերեց փողոց. 50 ցուցարար է ձերբակալվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rob

Ամերիկայի Միացյալ Նահանգներում իշխանությունը փոխվեց։ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում Բարաք Օբամային կփոխարինի Հանրապետական Դոնալդ Թրամփը։ Ընտրվելուց րոպեներ անց 70-ամյա Դոնալդ Թրամփը նախ շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին, բայց և չի անտեսել իրեն ձայն չտված ամերիկացիներին։ «Ժամանակն է, որ մենք միավորվենք, լինենք միասնական մեկ ժողովուրդ։ Ես խոստանում եմ դառնալ բոլոր ամերիկացիների նախագահը։ Դա շատ կարևոր է ինձ համար։ Բոլոր նրանք, ովքեր որոշեցին ինձ չաջակցել, ես նրանց նույնպես պարզում եմ իմ ձեռքը, որ մենք միասնական աշխատենք։ Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա դրսևորել իր պոտենցիալը»,- աջակիցների առաջ ասել է նա։ Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը՝ շնորհավորելով Դոնալդ Թրամփին։ «Ես հենց նոր հեռախոսազանգ ստացա Հիլարի Քլինթոնից։ Նա շնորհավորեց մեզ հաղթանակի կապացությամբ։ Իսկ ես շնորհավորեցի նրան և իր ընտանիքին, նրա համար, թե որքան ուժեղ ընտրարշավ անցկացրին»,- նշել է նա։ Դոնալդ Թրամփին ոչ բոլոր ամերիկացիներն են շտապել շնորհավորել։  Չորեքշաբթի վաղ առավոտյան ԱՄՆ-ի մի քանի քաղաքների փողոցներ են դուրս եկել այդ ընտրությունից դժգոհ քաղաքացիները։ Կալիֆորնիայի Իրվին քաղաքի համալսարանի ուսանողները ծածանել են մեքսիկական դրոշներ՝ անհանգստություն արտահայտելով Թրամփի՝ ներգաղթին վերաբերող  նրա հնչեցրած «բարեփոխումներին»։ rob1 Օուքլենդում ոստիկանությունն առնվազն 50 ցուցարարի է ձերբակալել, ցուցարարներից մեկը հարձակվել է ավտոմեքենայի վրա, որից տուժել է քաղաքացի։ Դեպքի վայր են ժամանել սաղավարտներով և մահակներով զինված ուժայիններ։ Փողոցներում հրդեհներ են։ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը նախկինում երբևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցրել։ Դոնալդ Թրամփը ծնվել է Նյու Յորքում բնակարանային շինարարությամբ զբաղվող հաջողակ գործարար Ֆրեդի ընտանիքում։Նա շարունակեց հոր գործը՝ դառնալով միլիարդատեր գործարար՝ տիրապետելով նաև հյուրանոցային, խաղատնային բիզնեսների։ Բիզնեսում հաջողության հասնելու գաղտնիքները նա երկու գրքերում է զետեղել՝ բիզնես հավակնություններ ունեցողներին խորհուրդ տալով միշտ մտածել մեծ բաների մասին։ rob2 Դոնալդ Թրամփի անունը կապվում է նաև Ադբեջանցի օլիգարխների հետ։ Նա 33 հարկանի հյուրանոց է կառուցել մայրաքաղաք Բաքվում, մտերիմ է նախագահ Իլհամ Ալիևի, ադրբեջանցի օլիգարխների հետ։ Ի՞նչ փոփոխություն կկրեն հայ-ամերիկյան հարաբերությունները նոր նախագահի օրոք։ Այս հարցին այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կազմակեպված ընդունելությանը պատասխանել է դեսպան Ռիչարդ Միլսը։ «ԱՄՆ-ի կառավարության համար առաջնահերթ կմնա անկախ ու բարգավաճ հարևանների հետ հաշտ Հայաստանի կառուցումը։ Մենք Հայաստանի համար կմնանք կայուն, հաստատուն գործընկեր՝ շարունակելով աշխատել ապահովելու այս երկրի հարուստ ու բարգավաճ ապագան, որին Հայաստանի քաղաքացիները արժանի են»,- ասել է դեսպանը։ Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահի ընտրությունը նաև հայաստանցիների ուշադրության կենտրոնում է։ Մեր քաղաքացիները խիստ զգուշավոր են Դոնալդ Թրամփի հարցում։ «Ղարաբաղի ճանաչման հարցը կարող է ես Թրամփի հետ չկապեմ, որովհետև լսել եմ նա Ալիևի հետ գործարքներ ունի»,- ասում է մեր զրուցակից երևանցիներից մեկը։ Նոյեմբերի 8-ին ամերիկացիները նաև խորհրդարան են ընտրել։ Այստեղ էլ հաջողությունը եղել է Հանրապետական կուսակցության կողմը։ Թրամփի կուսակցությունը մեծամասնություն ապահովեց Սենատում և Ներկայացուցիչների տանը։ Այդպիսով Հանրապետական կուսակցությունն ԱՄՆ-ում ստանձնեց իշխանությունն ամբողջապես։ Իսկ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին։