«Չինովնիկները թող գլխարկները դնեն կառավարության առջև ու մուրան այդ 1000 դրամները» (տեսանյութ)
«Բանակի համար 1000 դրամ հավաքելու նախաձեռնության իրական նպատակը ոչ թե զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելն է, այլ ժողովրդի եւ ՀՀԿ-ի միջեւ այս տասը տարիների ընթացքում ստեղծված անջրպետը վերացնելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն այս տասը տարիների ընթացքում ապացուցել է, որ իր խոստումները չի կատարել, ինչի արդյունքում ժողովրդի աչքին իր մակարդակն ընկել է. «Որպեսզի ՀՀԿ-ժողովուրդ այդ անջրպետը մի կերպ հաղթահարվի՝ գցեցին այս լոզունգը՝ մեկ պետություն, մեկ ազգ, մեկ բանակ: Եվ դրա լավագույն միջոցը այդ է 1000 դրամներն են: Կարելի է ասել՝ 1000 դրամանոց լոզունգ է»: Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ 1000 դրամն այնքան էլ մեծ գումար չէ, բայց մարդիկ ընդվզում են, քանի որ վստահություն չունեն՝ ուր են գնալու այդ գումարները: «Մարդիկ խոսում են մսխված տասը միլիարդ դոլարի մասին, որը բացահայտելու համար իշխանությունը ոչ մի քայլ չի արել, քանի որ եթե անեին, իրենց մարդկանց պիտի բռնեին: Ու՞մ վստահեն մարդիկ: Նրան, ով բանակի համար ձուն 37 դրամով գնելու փոխարեն գնում է 50 դրամո՞վ, թե՞ վստահեն պաշտպանության նախարարին, որը բանակում չի ծառայել»,-ասաց նա: Ասուլիսին ներկա ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նույնպես կարծում է, որ հասարակությունը որևէ մեկին չի կարող վստահել այդ 1000 դրամները: «Բանակը, որն ապահովում է մեր գոյությունը, գումարի կարիք չպետք է ունենա: Սկզբում նա պետք է ստանա, հետո միայն մյուս ոլորտները, չինովնիկները: Ոչինչ չի մնա՝ ուրեմն չեն ստանա: Թող գնան, կառավարության դիմաց դնեն իրենց գլխարկները ու մուրան այդ 1000 դրամները: Բանակը չպետք է մուրա ոչինչ ոչ մեկից»: Ազատ Արշակյանը նշեց, որ լավ կլինի պաշտոնյաներն իրենց գրպանից համալրեն այդ ֆոնդը. «ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե հրաժարվում է նախագահի՝ 400 հազար դոլար աշխատավարձից, քանի որ ինքն ապահովված է: Իսկ եվրոպական երկրներում ընդունված է, որ պաշտոնյաները իրենց աշխատավարձի ութ տոկոսը պետք է տրամադրեն բարեգործությանը: Մեր հարուստ պաշտոնյաներին պետք է պարտադրեն գումարներ նվիրաբերել»,-եզրափակեց նա: