«Հերիք է զբաղվեք մուրացկանությամբ» (տեսանյութ)
ԱԺ քառօրյայում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ օրակարգում կա մի օրինագիծ, որով քաղաքացիները պետք է նորից հարկեր վճարեն. «Հարկային բեռը ավելանալու է փաստորեն. նախատեսված է, որ յուրաքանչյուր աշխատողից եկող տարվանից պետք է գանձվի հազար դրամ, որը իբր պետք է ծառայի զինվորների կարիքները հոգալու համար: Հասկանալի է, որ սա ավելացվում է նախընտրական մի շրջանում, ու այսօրվա ապօրինի իշխանություններին պետք է լրացուցիչ բյուջե, որը պետք է Սերժ Սարգսյանը ապօրինի քայլերով հավաքի: Հանրությունը դատապարտում է այս քայլը ու ԱԺ-ն պետք է դեմ քվեարկի այս նախագծին: Գոնե այս պահին համերաշխություն ունենանք հանրության հետ, հերիք է զբաղվեք մուրացկանությամբ»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այդ հարցի քննարկմանը պատգամավորը կարող է ներկայացնել իր տեսակետը. «Այս օրինագիծը նաեւ քննարկվել է տարբեր քաղաքական ուժեր, նաեւ՝ ՀՀԿ հետ: Սա ընդամենը հատուցում է: Իսկ եթե դուք ինչ-որ անուն-ազգանուններ եք հավաքել, տիկին Փոստանջյան, տարեք ուրիշ տեղ տվեք, այլ ոչ ԱԺ: Սա հայ ժողովրդի միասնականությունն է արտահայտում»: Զարուհի Փոստանջյանը շարունակեց՝ ասելով. «Կարծես թե՝ հազար դրամը մեծ գումար չէ, սակայն երեսունհինգ տոկոս աղքատություն է, դա մեծ գումար է այդ ընտանիքներին: Եթե ուզում ենք պատշաճ ձեւով հոգալ զինծառայողների խնդիրները, ապա այս գումարը կա բյուջեում, ու այն պետք է կրճատվի նախագահական ինստիտուտին տրամադրվող գումարներից: Այս դահլիճում եւս միլիարդավոր հարստություն ունեցողներ են հավաքված, ու նրանք պետք է այդ գումարները տան հիմնադրամ, ու առաջին հերթին Սերժ Սարգյանն՝ իր ողջ ընտանիքով, հետո մեր հասարակությունից գումարներ պահանջեն»: Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ ասելով. «Եթե ես թվարկելու լինեմ, առաջինը ձեր, հետո իմ, հետո ձեր կողքինի անունը կտայի: Նման կերպ մարդկանց վարկաբեկել, դա չի սազում ԱԺ-ին»: