Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքում մաքուր ՀՀԿ-ական իրավիճակ է. թանկացել է տրանսպորտը (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

ԱԺ քառօրյայում այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ օրակարգով նախատեսված հարցերի հաջորդականությանը. «Համաձայն այդ հերթականության՝ զինծառայողների փոխհատուցման նախագիծն է քննարկվելու, ապա՝ եկող տարվա պետական բյուջեի հաստատումը: Առաջարկում եմ վերանայել հերթականությունը՝ սկզբում քննարկենք բյուջեն, քանի որ, մեր համոզմամբ, այդ բոլոր հարցերը կարող են լուծվել բյուջեի շրջանակներում: Այո, փոխհատուցման հարցը մեր պետության առաջնային պարտականությունն է, մենք դրա կողմնակիցն ենք, որ դա պետք է անպայման արվի, սակայն դա ոչ թե պետք է արվի լրացուցիչ հարկատեսակներով, այլ բյուջեի ծախսերով: Վստահ եմ, որ հնարավոր է գտնել միջոցներ, իսկ այսպես ստացվում է, որ մենք խաղում ենք ժողովրդի զգացմունքների վրա ու մտցնում լրացուցիչ հարկատեսակներ այդ քողածածկույթի տակ: Դա ցինիկ մոտեցում է»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ նման հարցերի քննարկումը ԱԺ  նիստերից առաջ տեղի ունեցող խորհրդակցություններին են լինում: Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ որեւէ բան չի կարող խոչընդոտել ԱԺ նախագահին՝ փոխելու հաջորդականությունը. «Եթե հնարավոր չէ փոփոխել, հիմնավորեք՝ ինչո՞ւ»: «Հասարակության մեջ այս նախագիծը որեւէ բացասական միտումներ չի արթնացրել: Հաջորդականության որոշումը դա իմ իրավունքն է, որը ես կկարդամ, ու դուք էլ կմասնակցեք քննարկումներին ու ձեր որոշումը կասեք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձություններին. «Սյունիքում մաքուր ՀՀԿ-ական իրավիճակ է, երբ քաղաքապետի ընտրություններից մեկ ամիս անց Շինարարներ թաղամասի տրանսպորտի գինը բարձրացել է: Ինչու մաքուր հանրապետական իրավիճակ, քանի որ ընտրություններից հետո միշտ մեծ գնաճեր են անում: Իմ այս հայտարարությամբ ես ողջունում եմ այն քաղաքացիներին, որոնք բոյկոտում են  տրանսպորտի թանկացման որոշումը ու նախկինի նման հիսուն դրամ են վճարում: Եթե Կապանի քաղաքապետարանը կարողանա անցկացնել այդ որոշումը, դրան կհետեւեն քաղաքի այլ թաղամասերի տրանսպորտի սակագնի բարձրացումները եւս: Քաղաքացիները պետք է հետեւողականորեն շարունակեն իրենց պայքարը»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ վաղը կա ԱԺ հայտարարությունների ժամը, որի ժամանակ պատգամավորը կարող է խոսել այդ մասին: