Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«SUT.am» կայքը կզբաղվի անանուն հրապարակումներով (տեսանյութ)

Հասարակություն
sut

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն նախաձեռնել է «SUT.am» կայքի հիմնադրումը։  ՀԿ-ի ծրագրի համակարգող Դանիել Իոանիսյանի խոսքով,  2.5 տարիների ընթացքում բազմաթիվ մեծ ու փոքր ստեր են բացահայտել, որոնց գերակշիռ մասը վերաբերել է ՀՀ արտաքին քաղաքականությունը եւ ընտրություններին։ Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել կայք, որտեղ կհրապարակվեին իրենց բացահայտած ստերը։ Կայքի հիմնական նպատակն է վեր հանել պետական պաշտոնյաների, պետական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները։ Կայքի գլխավոր խմբագիր Վահե Ղուկասյանի տեղեկացմամբ, նյութերը կհրապարակվեն երեք լեզուներով։ «Սովորական լրատվական կայքերից «SUT.am»-ը տարբերվելու է նախեւառաջ նրանով, որ մեծ ուշադրություն է դարձվելու  ընթերցողի հետ հետադարձ կապին։ «Տեղեկացրեք ստի մասին» կոճակի միջոցով հնարավոր կլինի տեղեկություն տրամադրել այն մասին, որ առաջին հայացքից արժանահավատ չէ։ Մենք փորձելու ենք տեղեկատվությունը ստուգել եւ դրա վերաբերյալ տեղեկություն հրապարակել»։ «Հետադարձ կապ» կոճակի միջոցով փորձելու են զարգացնել անանուն հրապարակումները։ «Մենք փորձելու ենք մոտիվացնել մարդկանց անանուն տեղեկություններ տրամադրելու համար։ Մարդիկ մեզ տեղեկատվությունը կհայտնեն, իսկ մենք ունենք լծակներ՝ դա ստուգելու։ Օրինակ Ուկրաինայում տարածված է անանուն կաշառակերության մասին հայտնելու սովորությունը։ Մարդը, որ ինչ-որ կերպ փոխկապակցված է պոտենցիալ կոռուպցիոների հետ, պետք է վստահ լինի, որ իր անձը չի բացահայտվի։ Մեզ մոտ էլ պետական համակարգերում կան մարդիկ, որ ուզում են բացահայտումներ անել, սակայն վախենում են, որ իրենց անձը կբացահայտվի։ Սակայն բնական է, որ ցանկացած տեղեկատվություն չենք ընդունելու հալած յուղի տեղ եւ ստուգելու ենք այն»,-ասաց Դ. Իոանիսյանը։