Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր են հարստացել բանակի հաշվին. Վիգեն Սարգսյանն անուններ է ուզում (տեսանյութ)

Քաղաքականություն
zHBPBa81S48

ԱԺ քառօրյայում այսօր՝ քիչ առաջ, սկսվեցին ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկումները, որով յուրաքանչյուր աշխատողից ամեն ամիս պետք է գանձվի հազար դրամ: Այն ներկայացնում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախագծի ընդունումը նա պայմանավորեց նրանով, որ այսօր մարտական գործողությունների ժամանակ վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական ապահովածության հարցի լուծումն անբավարար է. «Փոխհատուցման համակարգը հիմնականում կատարվում էր պետական բյուջեով, հիմա կլինի նաեւ հասարակությունից նվիրաբերվող միջոցների հաշվին: Կլինի հատուկ համակարգ, իսկ հենասյունը լինելու է հատուկ հիմնադրամը, որտեղ կկուտակվեն պետության ու հասարակության միջոցները: Համակարգը պետք է լինի պարզ ու հասկանալի բոլոր նվիրատուների համար, որը պետք է կառավարվի ակտիվների կառավարման մասնագիտական ձեւով, վերադիր ծախսերը պետք է լինեն նվազագույն, որ առավել շատ գումարներ հասնեն շահառուներին: Պետք է իրագործվեն թե իրավական, թե տնտեսագիտական հնարավորություններ՝ լրացուցիչ հնարավորություններ հավաքագրելու համար»: Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս համակարգը կսկսի գործել 2017թ. հունվարի 28-ից սկսած. «Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում զինծառայողին կամ նրա ընտանիքին կտրվի միանվագ տասը մլն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ միանվագ հինգ մլն դրամ, ամենամսյա վճարներ սպայական անձնակազմին՝ առաջին կարգի հաշմանդամության կամ մահվան դեպքում համապատասխանաբար երկու կամ երեք հարյուր հազարական դրամ, ենթասպայական կազմի համար՝ համապատասխանաբար 250 եւ 150 հազարական դրամ, շարքային անձնակազմի համար՝ համապատասխանաբար 200 եւ 100 հազար դրամ»: Պարոն Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է միանգամից պատասխանել մի շարք խնդիրների ու հարցերի, որոնք այս օրերին ամենից շատն են քննարկվել. «Ինչո՞ւ այսքան հապճեպ, անհետաձգելի համարվեց այս նախագիծը, արդյոք հնարավո՞ր չէր հասարակական քննարկումներ անել՝ մինչեւ նման որոշման հանգելը, ո՞վ իրավունք ունի առանց իմ համաձայնության կպնելու իմ գրպանին ու նույնիսկ ամենահասկանալի գաղափարի համար առանց իմ համաձայնության նվիրատվություն անել: Պատասխանեմ՝ եթե ԱԺ այս նստաշրջանին չընդունեինք այս նախագիծը, ապա առաջիկայում ընտրություններ են, ու այս հարցի քննարկումը կլիներ հաջորդ աշնանը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք բավարարված ենք հասարակական քննարկման որակից, միանշանակ բավարարված չենք: Ինձ համար տրամաբանական են այս հնչել կարծիքները՝ եթե տվյալ ընտանիքը զինծառայող ունի սահմանին, նա չի վճարում: Ես հետամուտ եմ լինելու, որ նրանք չվճարեն: Զոհված կամ հաշմանդամ զինծառայող ունեցող ընտանիքները եւս պետք է ազատվեն ամսական հազար դրամ վճարելուց»: Նա անդրադարձավ նաեւ այս օրերին հնչող քննադատությանը. «Քննադատությունը երբեմն սուր էր, միմյանց վիրավորող կարծիքներ էին հնչում: Սկզբունքորեն մեծ խնդիր եմ տեսնում դրա մեջ. այս օրենքի բովանդակությունը այն չէ, որ նման բան հնչեն կամ պիտակավորեն, մեղադրեն մեկը մյուսին: Այս օրենքի շահառու որեւէ մեկը չի ուզում իրեն պատկերացնել, ու դա ճիշտ է: Սա իմ առաջին նախագիծն է՝ որպես Պաշտպանության նախարար, որ բերել եմ ԱԺ: Ես որեւէ քաղաքական դիվիդենտներ չեմ փնտրել այստեղ: Հարց է հնչում՝ արդյոք մենք կարողանալո՞ւ ենք մեր բյուջեով վճարել այդ գումարները, թե պետք էր նոր մոտեցումներ գտնել: Եթե բյուջեի հաշվին անեինք, դա պոպուլիստական քայլ կլիներ մեր կողմից առաջիկա ընտրություններին ընդառաջ, քանի որ բյուջեն չունի նման հնարավորություններ: Ուզում եմ ազնիվ ու շատ բաց ասել, որ ուրախ ու կողմ կլինեմ, որ պատգամավորները հետամուտ լինեն ու անուն-անուն թվարկեն պաշտպանական բյուջեի հաշվին իրենց ու իրենց ընտանիքիների երջանկությունը կազմողներին: Եթե այդպիսիք կան, ապա այդ գումարները պետք է վերադարձվեն պետական բյուջե ու պատասխանատվություն կրեն»: Նրա ելույթը կիսատ մնաց, քանի որ այդ ընդմիջման ժամն էր: «Հա, այսինքն, պատերազմը՝ պատերազմ, սակայն ճաշը՝ ճիշտ ժամին»,- արձագանքեց պաշտպանության նախարարը: