«Ադրբեջանի զորավարժությունները խախտել են միջազգային բոլոր նորմերը» (տեսանյութ)
«Նոյեմբերի 12-18-ը Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները մի շարք միջազգային նորմեր են խախտում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով՝ նման մասշտաբային զորավարժությունների պարագայում անպայմանորեն զգուշացնում են միջազգային կառույցներին, հարևան երկրներին, ինչն, այս դեպքում, տեղի չի ունեցել: «Բացի այդ՝ որոշակի սահմանափակումներ են նախատեսված թե քանակի, թե զորավարժությունների անցկացման վայրի հետ կապված, ուստի Ադրբեջանը խախտել է բոլոր չափանիշերը»,-նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ ԼՂՀ-ն պատրաստ է ադրբեջանական կողմի հնարավոր սադրիչ գործողություններին, եւ հենց դրա համար էլ Բակո Սահակյանը չեղարկել է իր այցը Եվրոպա: Ինչ վերաբերում է Արցախի Սահմանադրության փոփոխությանը, ապա Գառնիկ Իսագուլյանի խոսքով, այդ որոշումը կայացրել են քաղաքական ուժերը: «Դա չի արվում անձերի համար, լիազորությունները երկարացնելու համար, այլ իրավիճակից ելնելով: Բակո Սահակյանն այն մարդն է, որը նախագահության ժամկետը լրանալուց հետո պատրաստ է աշխատել աշխատակազմի ղեկավար, կամ ինչ լինի: Բանախոսն անդրադարձավ նաեւ 1000 դրամի ֆոնդի նախագծին՝ նշելով, որ դա կարևոր նախաձեռնություն է. «Ես միշտ ասել եմ, որ շատ լավ կլինի, որ հեռավոր Արգենտինայում ապրող հայն անգամ գոնե մեկ բացիկ ուղարկի բանակին: Չի կարելի կոչեր անել, թե բանակին փող տալ պետք չէ: Նման հայտարարություններ են անում նրանք, ովքեր դրսից գրանտներ են ստանում: Թող մեխանիզմներ առաջարկեն, թե ինչպես կարելի է վերահսկել այդ ֆոնդը»,-ասաց նա՝ հավելելով, որ լավ կլիներ դա օրենքով պարտադրված չլիներ և կոնկրետ թիվ սահմանած չլինեին. «Թող սահմանեն մինիմալ 50 կամ 100 դրամ, մնացածը մնա ամեն մարդու խղճին: Բայց որ ամեն մարդ պետք է վճարի, դա հաստատ է»,-նշեց Իսագուլյանը: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն առաջարկեց, որպեսզի պատգամավորների համար առավել մեծ գումար սահմանվի. «Ես հինգ տարի պատգամավոր եմ աշխատել, եւ առաջին իսկ օրվանից դիմում եմ գրել, որ իմ աշխատավարձը փոխանցվի ԼՂՀ բանակին: Թող պատգամավորները, որոնցից շատերը միլիոնատերեր են եւ այդ աշխատավարձի կարիքը չունեն, փոխանցեն դրանք ֆոնդին»,-եզրափակեց նա: