«Վահագնի թաղամասում ձեր գեներալների դղյակները եկեք, տեսեք» (տեսանյութ)
ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին. «Դեմագոգիա անել պետք չէ, քանի որ չգիտենք՝ երբ կլինի լայնամասշտաբ պատերազմ: Համազգային կոդը, մեսիջը, գաղափարը կարող է լինել միայն բանակը: Ով չի ուզում բանակին փող տալ, ասում են՝ տգետ են կամ մանիպուլյատոր: Մենք կողմ ենք, սակայն չենք կարող չխոսել վստահության գործոնի մասին»: Նա հայտարարեց, որ իրենք կողմ են նախագծին, սակայն դա չի նշանակում, որ որեւէ մեկը իրավունք չունի իրենց բերանը փակելու, որ չխոսեն բանակում եղած կոռուպցիայի ու թալանի մասին. «Գոմեշի մսի էպոպեան մեկ, Վահագնի թաղամասում ձեր գեներալների դղյակները եկեք, տեսեք: Ուսումնասիրում եք նրանց հայտարարագրերը, ոչ մի տեղ նրանց միլիոնավոր գումարների մասին բան չկա, նայում ես մամաների կենսագրությունը, պապաներին էլ, փող չունեն, միայն տոկոսով փող են տալիս: Ազգային տուրք պետք է լինի պատերազմող երկրում. սա բարոյական պարտք է, սակայն պետք է խոսել թալանի ու թալանչիների մասին ու կես միլիոնանոց ջիփերով պտտվող գեներալների մասին: Էն հայտնի անեկդոտն եմ հիշում՝ բոլորդ որ սուրբ եք, բա եկեղեցու խաչն ո՞վ գողացավ: Ռոքֆելերը գլուխը պատն է տվել մեր գեներալիտետի հարստության դիմաց»: