Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պտտվում ենք 1000 դրամի շուրջ, քրքրում ենք բյուջեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine-1

ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Մինչ ելույթ ունենալը նա կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը ղարաբաղյան պատերազմից մինչ օրս։ Ինչ վերաբերում է բուն նախագծին, ապա նա նշեց, որ սա բացառիկ համապետական նշանակության հարց է. «Ողջունում եմ, որ Պաշտպանության նախարարը ներկայացրել է այս օրինագիծը ու կարծես այս օրերին բովանդակային առումով կարծիքների բախում չառաջացրեց։ Ապրիլյան օրերին տեսանք՝ ինչ միահամուռ ձեւով մարդիկ մասնակցեցին թե ֆինանսապես, թե բարոյապես։ Ժամանակին հնչում էին հոռետես կանխատեսումներ, թե հայ ազգը հիասթափված է, թե ժողովուրդը չի համախմբվելու, սակայն ազգը ոտքի կանգնեց ու միասնականությամբ զարմացրեց ամբողջ աշխարհին»։ Ըստ նրա՝ այս նախագծի շուրջ այն հայտարարությունները, թե հասարակության երկփեղկվածություն կա, դրանք իրականությունից հեռու են, դրանք քաղաքական ընդդիմադրության փաստարկներ են. «Գուցե վերադառնանք ազգային տուրքի գաղափարին՝ ինչ տարբերություն հարկ, նվիրատվություն, թե հարկ։ Խնդրում եմ այս օրինագծի հետ կապված զերծ մնալ քննադատական մոլուցքով տոգորված ելույթներից, այս ամբիոնը մի օգտագործեք քաղաքական նպատակների համար։ Չպիտի մաղձ լիներ։ Ազգ-բանակ գաղափարը սկսենք մեզնից ու տարածենք բոլորի վրա։ Եթե անգամ կողմ էլ չքվեարկեք, ուրեմն չեք կարող կողմ չլինել, քանի որ հարցը հայ զինվորին է վերաբերում, իսկ այս երկու օրը մենք վերցրինք ու մոռացանք նրան. հիշեցինք՝ ով, ինչ է գողացել, կոռուպցիա, դղյակ»։ ԱԺ ամբիոնից, որը ՀՀ առաջնային քաղաքական ամբիոնն է ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ այս նախագիծը քաղաքական հարց չէ, այլ սոցիալական, բարոյահոգեբանական, եւ պետք չէ հարցը քաղաքականացնել. «Այս հարցի շուրջ քաղաքական պայքար չի կարող լինել։ Մեր քաղաքացիների օգնությամբ կարող ենք կտրուկ բարելավել իրավիճակը։ Չի կարելի այս նախագիծը ներկայացրել որպես մուրացկանություն ու անընդունելի եմ համարում համեմատությունը այլ գաղափարի հետ, քանի որ այն առնչվում է ազգային անվտանգության հետ։ Երեք օր է պտտվում ենք 1000 դրամի շուրջ, քրքրում ենք բյուջեն, կարծես մոռացել ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է։ Անկեղծ սրտով կողմ քվեարկենք նախագծին, որը մեծացնելու է զինվորի հավատը, որը նաեւ բարձրացնելու է զինվորի մարտունակությունը։ Մենք մեծապես աջակցելու ենք ստեղծվելիք հիմնադրամի գործունեությանը»։