«Զինվորները ամսական նախատեսված 4000 դրամը չեն ստանում» (տեսանյութ)
ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ այս նախագիծն ընդհանրապես կապ չունի մեր պաշտպանության հետ ու սա օրենք է մուրացկանության մասին. «Սա է հասարակական ընկալումը։ Ազգային տուրքը չի կրող բոլորի համար լինել հազար դրամ։ Հայոց արքունիքի կանայք մեր երկրի օրհասական պահերին իրենց զարդերը հանում ու դնում էին սեղանին։ Իսկ Պաշտպանության նորանշանակ նախարարի տիկինը մի քանի տարում դարձել է միլիոնատեր, ու հիմա նա էլ պետք է հազար դրամ վճարի, աղքատ խա՞վն էլ։ Սա ազգային տուրք չէ, սա մուրացկանություն է։ Հերիք է այսպիսի մոտեցումներով հանդես գալ»։ Նա ընդգծեց, որ հայ մայրերը առաջնագիծ ուղարկում են իրենց անգինը՝ իրենց երեխաներին. «Մինչ այս նախագիծը ունեցել ենք զոհեր, վիրավորներ, նրանց այս օրենքը չի՞ վերաբերելու, այլ միայն վերաբերելու է ապագա իրադարձություններին ու դեպքերի՞ն։ Մինչ օրս զինծառայողների մահվան չբացահայտված 950 դեպք կա ու մայրերը, չգիտեն՝ ի՞նչ հանգամանքներում են նրանք զոհվել։ Որտե՞ղ դիմեն մայրերը, որ ստանան հատուցում ու սպառիչ պատասխաններ։ ԱԺ էին դիմել, որ ստեղծվի հանձնաժողով։ Խոսում էինք բարոյականությունից, բա ստեղծեինք հանձնաժողով ու քննարկեինք։ Արդյունքում, ըստ ձեզ, ստացվում է՝ հանրությո՞ւնն է անբարոյական, որ քննադատում է այս նախագիծը։ Այդ որո՞նք են լինելու այդ դեպքերը, թե՞ նախարարը իր համար բյուջե է ստեղծում՝ ապագա դեպքերի համար։ Շուրջ 200 զոհ ունենք, նախ նրանց անդրադառնանք»։ Պատգամավորը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո ունենք ոչ միայն նյութական վնասներ, այլեւ տարածքային կորուստներ. «Դրանց մասին Սերժ Սարգսյանն ասում է՝ դեռ չենք ազատագրելու, քանի որ դրանք մեզ համար դեռ պիտանի չեն, դա որպես անվտանգության գոտի է նա սահմանում։ Եթե դուք արդար եք, ձեր նախարարական տոհմիկ կանայք թող բերեն ու դնեն սեղանին իրենց զարդերը։ Նախարարին առաջարկել էի ՔԿՀ-երում եղած շատ դատապարտյալների ուղղել բանակ ու նրանց համար ամեն օր նախատեսված 5000 դրամը եւս ուղղել բանակի ֆինանսավորմանը»։ Տիկին Փոստանջյանը հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ. «Զինվորները ամսական 4000 դրամ պետք է ստանան, սակայն նրանք ստորագրում են ու չեն ստանում, դրանք ստանում են նրանց հրամանատարները։ Այս ահազանգերը ես ունեմ ծնողներից։ Դուք գնացեք ու տեսեք, թե ծնողներն ինչ փաթեթներ՝ տուլիկ են ուղարկում բանակ՝ իրենց երեխաներին»։ Զարուհի Փոստանջյանը ցանկացավ խոսել նաեւ Մատաղիսի՝ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած դեպքերի մասին, սակայն բարձրախոսն անջատեցին՝ ժամանակը լրացել էր։ Նրա ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով։ «Տիկին Փոստանջյան, դուք իրավաբան եք ու պետք է իմանաք, որ մեղադրանքները այս ամբիոնից փաստարկված պետք է լինեն։ Հենց հիմա՝ այս օրվա ընթացքում այդ սպաների ու հրամանատարների անունները ներկայացրեք կամ ԱԺ, կամ ՊՆ, կամ դատախազություն, հակառակ դեպքում դուք զբաղված եք մարդկանց վարկաբեկելով։ Կարող եք ներկայացնել փակ ծրարով։ Օգնեք իրավապահ մարմիններին ու ժողովրդին մի մտցրեք փակողի։ Իմացեք ձեր խոսքի արժեքը»։