Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««Մարտիկ» հիմնադրամը ստվերում է 1000 դրամների նախագիծը» (տեսանյութ)

Քաղաքականություն
baxshyan

Երևանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ 1000 դրամների ֆոնդի նախագծի նկատմամբ ժողովրդի անվստահությունը գալիս է նույն նպատակով դեռեւս 2002 թվականին բացված՝ «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Բախշյանը նշեց, որ «Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ տարբեր մարմինների հարցում է ուղարկել եւ պարզել, որ  2014 թվականին թերի հաշվետվության համար հիմնադրամի տնօրենը արդարադատության նախարարության կողմից նկատողություն է ստացել: Բացի, այդ, Անահիտ Բախշյանի ձեռքի տակ են հիմնադրամի ծախսերի հաշվետվությունները, որոնցում հստակ նշված չէ, թե գումարներն ինչի վրա են ծախսվել. «2015 թվականին շուրջ 82 միլիոն դրամ է ծախսվել կանոնադրական նպատակներով, բայց գրված չէ՝ ինչ նպատակներ են, կոնկրետ ինչի վրա են ծախսել: Գրված է նաեւ՝ սպայական կազմի ուսուցում արտասահմանում: Հարց եմ ուղղել՝ քանի սպա է գնացել վերապատրաստման, պատասխան չկա, բանակի համար ինչ եք արել՝ ոչ մի պատասխան: Դրա համար այս անվստահությունը կա նմանատիպ ֆոնդերի նկատմամբ»: Անահիտ Բախշյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմից հետո բոլորիս գլխին սառույցով ջուր լցվեց, եւ իշխանությունները հասկացան, որ բանակում ամեն բան այնպես չէ. «Արցախի կառավարության հրավերով՝ հուլիսին ես եղա Արցախում, անձամբ այցելեցի սահման: Այնտեղ ասում էին՝ ինչ որ չի արվել այս 20 տարիների ընթացքում, արվեց 5 ամսվա ընթացքում: Բա ու՞ր էիք այդ 20 տարին, ինչու՞ ոչինչ չէր արվում»,-հարց ուղղեց նա ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին: Վերջինս խնդրեց 1000 դրամների նախագիծը չկապել «Մարտիկ» հիմնադրամի գործունեության հետ: Պատգամավորը կարծում է, որ սխալ է տարբերակված մոտեցում ցուցաբերել սոցիալապես ապահով կամ անապահով աշխատողների միջեւ. «Իզուր են ասում՝ շատ ունեցողը թող շատ տա, քիչ ունեցողը չտա կամ քիչ տա: Այս հազար դրամը չպետք է կապ ունենա մարդու գրպանի պարունակության հետ, այլ լինի յուրաքանչյուրի վերաբերմունքը բանակի նկատմամբ, որը պետք է լինի հավասար»: