Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայակազմն ու գեներալիտետը ցեխի պակաս չեն զգում». նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen-s

ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը իր եզրափակիչ ելույթում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ամենավատ բանը անտարբերությունն է, որը չնկատեց այս օրերին որեւէ մեկի ելույթում: Նա նշեց, որ ԱԺ է գալիս Եռաբլուրից, որտեղ այցելել է 20-ամյա հերոս Ռոբերտ Աբաջյանի շիրիմին. «Ես նայում էի այնտեղ կանգնած ծնողների աչքերին, շիրիմներին, հասկացա, որ մենք միանշանակ ճիշտ ենք. եթե ինչ-որ պահի մենք չենք ունեցել մի զինատեսակ, դա չի նշանակում, որ վաղը մենք չենք փորձելու այն վաղը ձեռք բերել: Աստված կտա, ու մենք կլինենք այն երկիրը, որ կկարողանանք հինունոր հատուցել բոլորին: Այնպես որ, այստեղ եկել եմ շատ ամրացած, որ կազմել եմ ճիշտ նախագիծ ու ԱԺ եմ բերել այն այս տեսքով: Պետք է խնդրեմ բոլորիդ՝ շատ խորը մտածել այս ասածիս մասին՝ մինչեւ քվեարկությունը, քանի որ չէի ուզի՝ անկախ նրանից՝ ոնց ենք վերաբերում նախագծին, որեւէ մեկը դեմ քվեարկեր, եթե անգամ իր համոզմունքը թույլ չի տալիս կողմ քվեարկել այս նախագծին այս տեսքով: Խնդրանքս է բոլորին՝ ով իր մեջ ուժ չի գտնում իր ասածին հակառակ քվեարկել կողմ, գոնք չքվեարկել: Դա կարեւոր ազդակ կլինի բոլոր նրանց, որոնք հետեւում են այս քվեարկությանը»: Նա հայտարարեց, որ իրեն մտահոգել է այն, որ այս օրերին առատորեն ցեխ էին շպրտում սպայակազմի ու գեներալիտետի վրա. «Հավատացեք՝ նրանք ցեխի պակաս չեն զգում, բայց դա այլ ցեխ է: Եթե մեկը կա, որ արատավորել է, մեր պարտքն է այն հայտնաբերել, եւ ճիշտ քաղաքականությամբ բացառել այն, բռնել ձեռքն ու կտրել այն: Սակայն չմոռանանք, որ կան պարկետի վրա ցեխի մեջ թաթախված եւ երբեմնի զինվորականներ, եւ քաղաքացիականներ: Եթե այդ տրամաբանությամբ լիներ, պետք է մտածեի՝ ԱԺ ե՞ս պետք է միշտ գամ, թե մեկ ուրիշին ուղարկեմ, քանի որ այստեղ էլ կան մարդիկ, որոնք խորը թաթախված են: Ուրեմն, եկեք մտածենք՝ ում վրա, ինչ ցեխ ենք շպրտում: Զգույշ խոսեք»: Ըստ նրա՝ այս տուրքը պետք է հավասար լինի՝ հարուստ, թե աղքատ. «Ազգ-բանակը դրամահավաք չէ: Դա շատ խորքային, դա շատ հեռուն գնացող առանցք է, որի վրա մենք պետք է կառուցենք մեր անվտանգությունը: Դա հասարակության ռազմականացումը չէ, դա բանակի ժողովրդակայնացումն է, դա զինված ուժերի ներգրավվածություն է պետության առաջընթացի բոլոր ոլորտներում, եւ դա բանակի նկատմամբ կույր ու համոզված սեր է»: Վիգեն Սարգսյանը կոչ արեց բոլոր առաջարկությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել իրեն: