Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Գեւորգ Սաֆարյանը ոստիկանին չի հարվածել. վկա (տեսանյութ)

Հասարակություն
gevorg-Safaryan

Գեւորգ Սաֆարյանը չի հարվածել որեւէ ոստիկանի: Ամանորի գիշերը  տոնածառ տեղադրելու փորձից հետո ամբաստանյալի աթոռին հայտնված Գեւորգ Սաֆարյանի գործով նիստին  վստահ  հայտարարեց  վկա Սուսաննա Սիմոնյանը: «Հարվածելու փորձ չի արել:  Գեւորգն այդ օրը եղել է միայն բողոքողի դերում: Նա ուզում էր այդ իրավիճակից դուրս հանել բոլորին»,- այսօր դատարանում հայտարարեց  վկան: Արդեն 11 ամիս անազատության մեջ գտնվող  Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը  մեղադրվում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մինչդեռ վկան հակառակն է պնդում : «Ակնհայտ սադրանք էր տեղի ունենում բարբարոսների կողմից: Աջ ու ձախ հարվածում էին եւ սարսափելի հայհոյանքներ էին հնչում: Միտումնավոր հարձակում էին գործում, սադրանք էին անում Գեւորգի նկատմամբ» Վկան  նաեւ տեղեկացրեց, որ դեպքի   ողջ ընթացքում Գեւորգը եղել է իր ուշադրության կենտրոնում:  Նա նույնիսկ  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին  բողոքել է, որ իրենց հարվածող  ոստիկանների վրայից ալկոհոլի հոտ է գալիս: Սուսաննա Սիմոնյանը նշեց, որ տվյալ դեպքում ոստիկանների խմբին կարելի է որակել, որպես բարբարոսների խումբ: «Ես ընդհատում եմ ձեզ վիրավորանք հասցնելու համար»,-  նշեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Այսօրվա դատական նիստում հարցաքննված  Վահագն Ղումաշյանն էլ ավելացրեց, որ Ամանորի գիշերը իր մոտ այնպիսի տպավորություն էր, թե ոստիկան Գեղամ Խաչատրյանին առիթ էր պետք Գեւորգ Սաֆարյանին հարվածելու համար: Ազատության մեջ գտնվող վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո, դատարանը կլսի նաեւ, «Սասնա ծռերի» գործով կալանավորված անձանց: Նիստը կշարունակվի նոյեմբերի 21-ին: