Դոնի Ռոստովի գործով նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլ (տեսանյութ)
Արդեն 3 տարի 4 ամիս կալանքի տակ գտնվող Արմեն Ղազարյանի գործով դատական նիստը Կենտրոնի դատարանում հետաձգվել է մինչեւ հաջորդ տարվա ապրիլ ամիսը: «Ռեզերվային ժամկետ էր սահմանվել 6 ամիս, եւ դատախազը չէր կարողացել այդ ժամանակահատվածում ապահովել վկաների եւ տուժողների ներկայությունը: Ժամկետի վերջին օրով նշեցին, որ ծանուցվել են վկաները, եւ նրանց ներկայությունը ապահովելու համար լրացուցիչ ժամկետ է պահանջվում՝ չնայած 3-ից 4 ամիս նշվեց, բայց վեց ամիս հետո նշանակվեց դատական նիստը, դա եւս կարծում եմ կամայականություն է»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը: Արմեն Ղազարյանը մեղադրվում է 2000 թ-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած տարբեր հանցագործությունների մեջ: Այնտեղ 9 տարի անց գործը փակվել է եւ Հայաստանում վերաբացվել 2011թ-ին: Գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են, քանի որ մեղադրական կողմը չի կարողանում ապահովել վկաների եւ տուժողների ներկայությունը: «Վկաները եւ տուժողները չեն ներկայացել Հայաստանի Հանրապետություն այն հիմքով, քանի որ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում»: Արմեն Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները եւ ապօրինի է որակում այն: Ցուցմունքներով էլ չի հաստատվել, որ Արմեն Ղազարյանն է կատարել հանցագործությունը: «Այնտեղ ոչ միայն նկարագրվում է այլ անձի տվյալներ, այլ հստակ նշվում է, որ Արմեն Ղազարյանը չի եղել: Այդ արտահայտությունը եւս հաշվի չի առնում դատարանը»,- ասաց պաշտպանը: Եթե վկաները չգան դատարան, կհրապարակվի նրանց նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, որոնք կարող են դառնալ դատավճռի հիմք ։ Մինչդեռ օրերս ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել, որ ամբաստանյալը պետք է հնարավորություն ունենա հարցեր ուղղելու իր դեմ ցուցմունքներ տված անձանց, հակառակ դեպքում դա կդիտարկվի արդար դատաքննության իրավունքի խախտում։