Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի հարցազրույցը ահազանգ էր». Ազատ Արշակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
azat

«Սերժ Սարգսյանի հաջորդ հայտարարությունը պետք է լինի այն, որ ՀՀ-ն զոհ է ռուս-ադրբեջանական համագործակցության: Պետք է ասի, որ դուք զինում եք, նրանք հարձակվում: Պետք է ասի, որ Ռուսաստանը Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցին, ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա խոսքով՝ 1921 թվականին կնքված ռուս-թուրքական պայմանագրի արդյունքում զոհվեց Հայաստանի Հանրապետությունը: «Անընդհատ խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության մասին, բայց չեն ասում դրա սկիզբը, պատճառը որն է, իսկ պատճառը երկու գերհզոր պետությունների՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի այդ ապօրինի դաշինքն է»: Ազատ Արշակյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցում կար նաեւ ահազանգ. «Ահազանգ էր, որ մեր ռեսուրսները, մեխանիզմները, որոնք ապահովում էին մեր երկրի անվտանգությունը, սպառվել են, նոր ուժեր են պետք»: Հանդիպմանը ներկա՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ նշեց, որ մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիևը Եվրոպայում Հայաստանին ահաբեկիչ անվանեց, եւ սրան համարժեք պատասխան չտրվեց: «Մեզ մոտ եթե մեկը համարձակվում է կարմիր գծերի դեմ խոսել, ոմանք այնպիսի էներգիայով, պաթոսով են պաշտպանում իրենց տերերին: Եթե նման էներգիան ներդնեին միջազգային կառույցներում պատմական ճշմարտությունը վեր հանելու համար, ապա Ալիևը այսօր նման պիտակ չէր կպցնի Արցախին ու Հայաստանին»,-նշեց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը նույնպես անտեսել է այդ հանգամանքը, բայց, այնուամենայնիվ, հարցազրույցի ընթացքում նրան  հաջողվել է շատ լավ խոսել ինքնորոշման իրավունքի մասին: Աստվածաբան Վարդան Խաչատրյանը չի կարծում, թե պատերազմի վտանգ կա: Նրա խոսքով՝ ռազմական գործողություններ սկսելու համար Ադրբեջանը պետք է ունենա ուժային կենտրոնների համաձայնությունը: Խոսելով տարածքների հանձնման խնդրի մասին, Խաչատրյանն ասաց, թե այնտեղ փախստականներ են ապրում, որ փրկվել են Բաքվի ցեղասպանությունից. «Ինչու այդ մարդկանց չեն հարցնում, թե նրանք ինչ են ուզում, ինչու նրանք չեն ներգրավվում բանակցությունների մեջ: Չէ՞ որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներն են»: