Դեսպանատներին տրամադրվող տեղեկանքները՝ մեկ պատուհանից
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության նիստում այսօր ներկայացրեց արդարադատության նախարարության եւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը: Նախարարը նշեց, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ՝ քաղաքացուց պահանջվող փաստաթղթերը կրճատելու, ինչպես նաև տեղեկանքը այլընտրանքային միջոցներով ստանալու մեխանիզմներ ներդնելու միջոցով: «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը թույլ է տալիս էապես պարզեցնել այս գործընթացը: Նախագծի ընդունմամբ կկրճատվեն նաև օտարերկրյա պետություններում գտնվող անձանց՝ ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման ժամկետները, հաշվի առնելով նաև մի շարք ծառայությունների ավելացումը, օրինակ՝ երկլեզու տեղեկանքների տրամադրումը, որոնք հնարավորություն են ստեղծում էականորեն խնայել փաստաթղթերի թարգմանության հետ կապված ծախսերը և ժամանակը»,- նշեց նախարարը: