Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա հրաժարականի մանիֆեստ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
Zurabyan-nkar

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ վերջերս տեղի ունեցած երկու արտառոց իրադարձություն, որոնք կապված են մեր երկրի բախտորոշ վիճակների հետ, ցույց տվեցին մեր երկրի անվճարունակությունը. «Դրանցից առաջինը ԸՕ՝ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված մեխանիզմների ֆինանսավորումն էր, որ մեր իշխանությունները չէին կարողանում հայթայթել այդ մի քանի միլիոն դոլարը, եւ  հարցն, ի վերջո, լուծվեց ԵՄ միջոցով: Մյուսը հազար դրամների նախագիծն է, երբ պարզվեց՝ այդ հինգ միլիարդ դրամը բյուջեում չկա զինվորների համար, եւ արդյունքում ունեցանք նոր հարկատեսակ: Այս երկու իրադարձությունները վկայում են մի բան՝ մեր պետությունը արդեն գտնվում է չհայտարարված դեֆոլտի մեջ: Նույնը վկայում է նաեւ բյուջեի նախագծում ներկայացված փաստաթուղթ, որտեղ եկող տարվա պակասուրդը կազմում է աներեւակայելի մի թիվ՝ 5.8 տոկոս, իսկ 2020թ., երբ պետք է սպասարկենք մեր պետական պարտքը, դրա համար կվճարվի բյուջեի 28 տոկոսը»: Ըստ նրա՝ եթե պետությունը մեծ պարտք ունի, դա դեռ վատ բան չի նշանակում, քանի որ դա աշխարհում ընդունված պրակտիկա է. «Սակայն գոյություն ունի առողջ բալանս զարգացման տեմպերի ու պարտքերի ծավալների միջեւ: Մեզ մոտ դա չի զուգակցվում: Բացի այդ, արտերկրի ուղղակի ներդրումների կատաստրոֆիկ անկում ենք ապրել: Աղետալի վիճակում է  բանկային համակարգը՝ շահութաբերությունը -0 -0.6 տոկոս է, իսկ գործազրկությունն ու արտագաղթն ահռելի թվերի են հասնում»: Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ եթե մենք ունենայինք պատասխանատու կառավարություն, ապա նա կարձագանքեր այս ցուցանիշներին ու կներկայացներ այն հաղթահարելու պլան՝ ըստ տարիների, որը չի արվել. «Ի՞նչ է կատարվում մի երկրի հետ, որի զարգացումը հետ է ընկում պարտքի ծավալներից: Այն գնալով ավելի շատ է խրվում պարտքի մեջ, իսկ այդ դեպքում միջազգային կառույցները տրվելիք նոր պարտքերի պայմանները սկսում են փոխել՝ ավելացնելով տոկոսները: Երկրի շարունակական քայքայման ծրագիր է ներկայացվել: Հարգելի Կառավարություն, պետք չէ վեց ամիս էլ պահել իշխանությունը, քանի որ ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի հնարավորությունը, քանի որ այն փաստաթուղթը, որ բերել եք, իրականում հրաժարականի մանիֆեստ է: Մի չարչարեք ժողովրդին, թող գան նրանք, որոնք գիտեն երկրի զարգացման բանալին: Իսկ նման ծրագիր կարող է ներկայացնել միայն ՀԱԿ-ը»: «Էլ ոչ մի արգումենտ չի մնացել, մնացել է աղերսումը»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: