Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ լուր՝ բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-3

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը սկսեց լավ լուրով. «Եկող տարվա բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին՝ ՀՀ-ում ծովագնացության եւ նավատորմի զարգացման համար, ինչպես նաեւ՝ չենք ունենա հատկացումներ հայկական տիեզերագնաց արբանյակ սարքելու համար»: Ըստ նրա՝ եթե ներդրումներ չեղան եկող տարի, ապա բոլոր ծրագրերը կլինեն ձայն բարբառո. «Իսկ մեր արտաքին պարտքը հատել է հոբելյանական հինգ միլիարդի սահմանը: Իսկ չինգա-չունգի լոգոյի ստեղծումը, որի միջոցով պետք է ներդրումներ լինեին, այդպես էլ չեղավ, ավելին՝ այդ լոգոյի համար ծախսված 450 մլն դրամի համար որեւէ մեկը պատասխան չտվեց: Կոռուպցիայի դեմ պայքարը եւս տեւեց հոբելյանական տասը օր, որից հետո համակարգերը վերադարձան հին, բարի ավանդույթներին»: Տիկին Զոհրաբյանը նկատում է՝ կառավարության հայտարարությունների մեջ քաղաքական կամք կա, սակայն գործողության մեջ դա չի երեւում. «Շատ պարզ քայլեր են պետք ստվերը խավարից լույս բերելու համար: Մեկ-երկու դալաններում դատավորներին բռնելու փոխարեն, որը, թեեւ, եւս շատ կարեւոր է, գլուխներդ դալաններից վերեւ բարձրացրեք, տեսեք՝ ինչ է կատարվում, հակառակ դեպքում նույն արատավոր շրջանի մասին ենք խոսելու: Կառավարությունը կարող է կտրել այս արատավոր ճյուղը, եթե չի կարող, ապա մենք պարբերաբար նույն հարցերի մասին ենք խոսելու»: Դիմելով Մշակույթի նախարարին՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Երբ նշանակվեցիք նախարար, ձեր կողմից մի քանի դրական մեսիջներ եղան ու կարծում ենք՝ մշակույթը «սեքընդ հենդ» վիճակից կարելի է փրկել: Խոսքը պետպատվերով տպվող գրականության հրատարակման վերանայումն է, որի մեծ մասը մակուլատուրա է, գրական խոտան, աղբ, որոնք հետագայում տեղավորվելու էին պադվալներում: Հիմա հասկանում եմ, որ այդ մարդիկ  սրբազան պատերազմ են սկսելու իմ դեմ, սակայն այս հարցը պետք է լուծել: Նաեւ՝ հրատարակչությունների հետ պայմանավորված ատկատի հարցն է առաջ գալիս: Մինչդեռ այս ամենի հետ միասին մենք ունենք տաղանդավոր երիտասարդներ»: Այս խոսքերի ընթացքում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գլխով տմբտմբացնում էին՝ ի նշան համաձայնության: Եվ վերջում, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ տնտեսութան թոքերը կարող են բացվել, եթե լինի քաղաքական կամք կտրելու այն ճյուղը, որի թառած են մենաշնորիստները: Պետական բյուջեի նախագծին բացի ՀԱԿ-ից, դեմ կքվեարկեն նաեւ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: ՀՅԴ-ն կողմ է լինելու: