«ԵՏՄ-ում ազատ շրջանառությունը բերել է կեղծ ապրանքների ավելացմանը» (տեսանյութ)
Այսօր Երևանում անցկացվեց «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային ֆորումի 4-րդ համաժողովը։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ համաժողովի նպատակն է ԵՏՄ երկրների գերատեսչությունների հետ քննարկել և մշակել կեղծ ապրանքների շրջանառության կանխարգելման մեթոդները. «Մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում կան մի քանի կառույցներ, որոնք իրենց կարևոր դերակատարությունն ունեն կեղծված ապրանքերի շրջանառությունը կանխելու գործում՝ մաքսային ծառայությունները սահմանի վրա, ոստիկանության մարմինները, Հայաստանում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, մտավոր սեփականության գործակալությունը և այլն։ Մտավոր սեփականության պաշտպանություն ասելով՝ նկատի ունենք մեզ քաջ հայտնի ապրանքների նշանների գրանցումը եւ դրանց պաշտպանությունը՝ կեղծ ապրանքների ներքո շրջանառությունից։ Սա կարևոր հարց է։ Ապրանքը պետք է պաշտպանված լինի։ Դա է պահանջում տնտեսական զարգացման մոդելը եւ սպառողի շահերը»,-նշեց փոխնախարարը։ Մելքոնյանի խոսքով՝ չկա վիճակագրություն, թե ԵՏՄ անդամ երկրներում կեղծ ապրանքների շրջանառությունը քանի տոկոս է կազմում, բայց, ըստ նրա, Հայաստանում իրավիճակն այդքան էլ վատ չէ. «Ընդհանուր վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանը վատ դիրքերում չէ, քանի որ մենք շատ ինտենսիվ հարաբերություններ ենք ունեցել նաեւ Եվրոպական միության հետ, եւ ԵՄ մոդելի հիման վրա կար ձևավորված ռազմավարություն, որը նույնպես իրագործման ընթացքում է եղել»,-ասաց նա։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, երբ Հայաստանում վաճառվում է ռուսական կեղծված օղի, փոխնախարարը նշեց, թե կեղծված ապրանքանիշի իրավատերը պետք է դիմի ՀՀ պատկան մարմիններին՝ այդ ապրանքի վաճառքը դադարեցնելու համար։ «Իսկ եթե մեկ տառ է կեղծվա՞ծ ապրանքանիշի անվան մեջ» հարցին Գարեգին Մելքոնյանը պատասխանեց. «Այդտեղ կա օրենսդրությամբ սահմանված շփոթության աստիճանի նմանություն։ Օրինակ, եթե նույն դիզայնն է, բայց մեկ տառ փոխված է, դա համարվում է շփոթության աստիճանի նմանություն եւ ենթակա չէ գրանցման»։ ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վիկտոր Յեվտուխովն էլ նշեց, որ ԵՏՄ-ն ապրանքների ազատ շրջանառություն է բացել, ինչի արդյունքում կեղծ ապրանքների շրջանառության խնդիրը սրվել է. «Ռուսաստանում կեղծ ապրանքների շրջանառությունը շատ է ազդում թեթև արդյունաբերության, դեղագործության, սննդամթերքի եւ այլ ոլորտների մրցունակության վրա։ Նույն խնդիրը կա նաեւ Հայաստանում եւ ԵՏՄ անդամ այլ երկրներում»։ Համաժողովի ավարտին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդեցության ոլորտում համատեղ գործողությունների եւ այս ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության խորացման վերաբերյալ։