Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական աճի գործակիցը մինչեւ տարեվերջ կարող է նվազել

Քաղաքականություն
hancnajoxov-byuje

ԵՏՄ-ից ՀՀ ՊԵԿ ակնկալիքները չեն արդարացել՝ 9 ամսվա կտրվածքով հարկային մուտքերը 6 մլրդ դրամով պակաս են եղել: «Պետք է նշեմ, որ մենք 14 մլրդ-ով ավելի պակաս վճարել ենք ԵՏՄ ընդհանուր կաթսա եւ ավելի շատ ստացել 14 մլրդ-ով, սակայն դրանով հանդերձ հավաքագրված գումարները 6 մլրդ-ով ավելի պակաս են եղել, քան նախորդ տարվա ցուցանիշները»,- ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հանձնաժողովում քննարկվում էր 2016թ. պետբյուջեի 9 ամսվա կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ նախագահի տեղակալի հաջորդ հայտարարությունը վերաբերում էր բյուջեի ճեղքին՝ այն տարեվերջին կարող է հասնել մինչեւ 77 մլրդ-ի. «Մեր վարչարարական ջանքերն ու ստվերի կրճատմանն ուղղված քայլերը ամեն ինչ կանեն, որ այդ ճեղքը հնարավորինս մեղմվի: Ինչքանով կհաջողվի 77-78 մլրդ-ի հասնող ճեղքը մեղմել, կարող ենք ավելի առարկայական խոսել տարին ամփոփելուց հետո»: Նիստի ընթացքում նրա, ինչպես նաեւ՝ մյուս գերատեսչությունների ղեկավարների խնդրահարույց հայտարարություններին հակափաստարկներ, առարկություններ չեղան ՝ ընդդիմադիր որեւէ պատգամավոր ներկա չէր: Օրինակ՝ Ֆինանսների նախարարը նշեց, որ այս տարվա բոլոր ճյուղային ոլորտների զարգացումները համապատասխանել են իրենց ակնկալիքներին, միակ բացառությունը գյուղատնտեսության համախառն արտադրանքն է եղել: «Անցած տարի մենք ունեցել ենք ավելի բարձր մակարդակ, քան այս տարի, եւ որոշակի շեղումներ է արձանագրվում գյուղատնտեսության զարգացմանբ առումով եւ  հնարավոր է այդ շեղումը մեր ակնկալիքներից մինչեւ տարեվերջ պահպանվի»,- նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: 2016թ. պետական բյուջեով սահմանված 2-2,4 տոկոս տնտեսական աճը մինչեւ տարեվերջ կարող է նվազել, մինչդեռ արտահանումը շարունակում է պահպանել իր տեմպերը: «Ինը ամսում դա 19,2 տոկոսի սահմաններում է: Սա ազդակ է, որ մենք ունենք նոր տնտեսական աճի մոդել: զարգացող երկրների համար լավ է  տնտեսական աճի այն մոդելը, որը գալիս է քեզ մոտ արտահանելի հատվածից: Դա նաեւ մեծացնում է քո տնտեսության դիմադրողականությունը դեպի արտաքին շոկերին, խնդիրներ չես ունենում»,- ավելացրեց նախարարը: ԿԲ հաշվետվությունը շատ ավելի լավատեսական էր, քան սպասելի էր. այս տարի հատկապես մասնավոր հատվածում աճել են իրական աշխավարձերը՝ մոտ 5 տոկոսով, ու ցածր գնաճի՝ 0,9 տոկոսի պայմաններում մարդկանց եկամուտները մեկ տոկոսով բարձրացել են:  «Մենք գնահատում ենք, որ տնտեսության պոտենցիալը՝ 4-4,5 տոկոսի է: Կարծում ենք, որ առաջիկա տարիներին  մեր կանխատեսման հորիզոնում տնտեսական աճը կվերադառնա այդ մակարդակին, եւ գնաճն էլ իր թիրախային շրջանակ կվերադառնա՝ 4+-1-1,5 տոկոս»,- նշեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: 2016թ. եկամուտները հարկային մուտքերի առումով չեն արդարացրել այն կանխատեսումները, որոնք դրվել էին բյուջեի հիմքում: Պատճառներից մեկը ներմուծման կրճատումն է, ինչպես նաեւ՝ ԱԱՀ դաշտում գտնվող 66 մլրդ դրամի շրջանառությունը ի նպաստ ՓՄՁ-ի տեղափոխվել է շրջանառության հարկի դաշտ: