Կարեն Կարապետյանից հետո ՀՀԿ-ն մի քանի հազար դիմում է ստացել (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսպես թե այնպես պետք է լիներ կուսակցական, ժամանակներն են այդպիսին, եթե ուզում է լուրջ դերակատարում ունենալ: Ոչ ոք նրան չի ստիպել դառնալ Հանրապետական Վստահեցնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Եթե կա մի կուսակցությունը պահպանողականությունն իրեն հարազատ է, որն ունի ուժ իր մեջ փոխելու եւ փոխվելու երկիրը դրական իմաստով, որտեղ կան բազմաթիվ մարդիկ, որոնք իր համար ընդունելի են եւ որոնք պատրաստ են իր հետ ճանապարհ անցնել, ինչի՞ ստեղծել նոր ուժ»: Սակայն սա չի նշանակում, որ Կարեն Կարապետյանը 2017-ի խորհրդարանի ընտրություններում Հանրապետականի վարչապետի թեկնածուն է: Այս պահին Հանրապետականը դեռ ոչինչ չի կարող ասել, առջեւում դեռ համագումար կա. «Մենք նախընտրական որեւէ զարգացման մասին կուսակցական քննարկումներ չենք արել»: Վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքը Հանրապետական կուսակցություն, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որոշումը՝ անդամագրվել այդ կուսակցությանը հազարավոր մարդկանց է ոգեւորել,-ասում է Էդուարդ Շարմազանովը «Իմ վերջին տեղեկություններով արդեն մի քանի հազար մարդ երեկվանից որոշել է անդամակցել եւ նույնիսկ դիմում է գրել Հանրապետական կուսակցություն, եւ այդ մի քանի հազարը ոչ թե հազար-երկու հազար է, այլ՝ 3-4 հազարից ավել»,-ասում է նա։ Ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանն անտարբեր է ՀՀԿ-ին անդամակցելու Կարեն Կարապետյանի որոշմանը: Իր հայրենի եզերքում վարչապետն իր հիշյալ որոշումով ոչ մեկին հետաքրքիր չէ.«Մի պահանջ ունեն՝ վաղն ի՞նչն է էժանանալու, վաղը ո՞ր օրենքն է գործելու, մոնոպոլիաները վերանալու են թե չէ»: ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարում է՝ Հայաստանում կուսակցություններն ընդամենը մտնելու կամ դուրս գալու տեղեր են, որոնք նույնպես, իր բառերով, գյուղամիջի ժողովրդին հետաքրքիր չեն. «Կուսակցություն էլ չկա էս երկրում, որ մտնես ու դուրս գաս: Մեկ կլասիկ կուսակցություն կա իր թույլ, լավ ու վատ կողմերով, էն էլ Դաշնակցությունն ա: Մնացածն իսկի կուսակցություն էլ չեն»: Լեւոն Մարտիրոսյանը վարչապետի Հանրապետականին անդամակցելու եւ 2017-ի խորհրդարանի ընտրություններից հետո կրկին վարչապետ դառնալու հնարավորության միջեւ կապ տեսնում է: Իսկ ինչո՞վ է զբաղվելու Սերժ Սարգսյանը . «Սերժ Սարգսյանը մնալու է քաղաքական դաշտում եւ ծանրակշիռ դեր է ունենալու»: Ի դեպ, եւ Լեւոն Մարտիրոսյանը եւ Էդուարդ Շարմազանովը ոչ մի կասկած չունեն, որ վաղվա համագումարում Սերժ Սարգսյանը կընտրվի կուսակցության նախագահ: