Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է հարստանալ օրենքի սահմաններում և թափանցիկ. նախարար

Քաղաքականություն
ignati

Եթե որեւէ մթերք Թուրքիայից  ներկրվում է օրենքով, ապա արգելել այն չենք կարող: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է ապրիլյան պատերազմից հետո կառավարության այն հայտարարությունը, թե թուրքական մթերք չի ներմուծվելու Հայաստան: Իգնատի Առաքելյանը հավաստիացրեց, որ բոլոր պետական մարմինները աշխատում են՝ այդ հարցը պարզաբանելու համար, և եթե ապրանքը օրենքից դուրս է ներկրվել, գործընթացը կկարգավորվի օրենքի սահմաններում։ Նախարարը հավաստիացրեց, որ հարցը քննարկել է ՊԵԿ նախագահի հետ:  «Մաքսանենգության հարցերով զբաղվող բաժինը կզբաղվի այդ խնդրով: Եթե լինեն փաստեր՝ թե՛ Սննդի անվտանգության պետական ծառայությունը, թե՛ ՊԵԿ-ը պատրաստակամ են, որ գնան այդ հասցեով և շարունակեն ուսումնասիրությունը, քանի որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում»: Անդրադառնալով պարարտանյութերի շուկայում տեղի ունեցած չարաշահումներին, նախարարը չցանկացավ մեկնաբանել` նշելով, որ դրանք վերլուծողն ու գնահատողն ինքը չէ: Նախարարը մեկնաբանեց միայն իր կառավարման օրոք տեղի ունեցածը. «2016 թվականին եղել է մրցույթ, նախորդ տարի էլ եղել է կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի այդ մրցույթը, հաջորդ տարվա համար հիմա մտածում ենք, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու։ Բայց միանշանակ իմ տրամադրությունը միտված է նրան, որպեսզի շուկան բացենք, եւ ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք։ Այսինքն, թույլ տանք, որ ով ուզում է, բերի»,- նշեց Առաքելյանը հավելելով, որ այս պահին նրանք բանակցում են բոլոր ցանկացողների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ գնային ազդեցություն կտա շուկայում: Գյուղնախարարը վստահեցրեց նաեւ, որ պարարտանյութի էժան գնով ներկրման դեպքում, կօգտվի միայն հողօգտագործողը, քանի որ նրան նույնպես պարարտանյութը կհասնի էժան գնով: Հարցին, թե իր կոլեգաներից չի՞ հետաքրքրվել՝ ինչո՞ւ է նախկինում առանց մրցույթի կազմակերպվել գործընթացը, նախարարը  պատասխանեց. «Ես հիմա այնքան բան ունեմ անելու, որ հիմա հարցնեմ, թե ինչու է նախկինում նման բան եղել, ժամանակը չունեմ»: Իգնատի Առաքելյանը խոստացավ նաեւ, որ իր կառավարման տարիներին նման դեպքեր չեն լինի. «Մեր գերատեսչության, գյուղնախարարության մասով, այո: Որոշ մարդկանց հարստացման դեմ, ես չեմ կարող քայլ անել, հակառակը, բոլորը պետք է հարստանան, բայց դա պետք է լինի օրենքի սահմաններում եւ թափանցիկ»: