Վաղարշակ Հարությունյանը ընդունում է՝ հայ զինծառայողները կարող են գործել ռուսների հրամանատարությամբ (տեսանյութ)
Ինչ է ակնկալում Ադրբեջանը՝ սահմանում իրավիճակը լարելով։ Հատկապես վերջին օրերին ավելացել են շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկնաբանում է. «Ադրբեջանին մնում է շանտաժ անել՝ սահմանում հրադադարի ռեժիմը խախտում է, զոհվում են մեր զինվորները։ Իր նպատակը դա է՝ մտցնել վախ, կազմալուծել բանակը և մեր հասարակությունը»։ Հաջորդ շաբաթ Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում սպասվում է Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Բանակցությունների փաստացի դադարեցված լինելու իրավիճակում հայկական կողմը պետք է ներկայանա սեփական օրակարգով։ Առաջին պլանում պիտի մնա հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմի ներդրման հարցը։ «Ադրբեջանական կողմը փորձելու է շրջանցել մեխանիզմների մասին որոշումը և առաջարկելու է բանակցությունների վերսկսում։ Հայկական կողմը ենթադրում եմ, հարցը կդնի այսպես՝ սկզբից մեխանիզմների ներդրման հարցը, հետո՝ բանակցություններ»,- ասում է նախկին նախարարը։ Վաղարշակ Հարությունյանը խորհուրդ է տալիս չանհանգստանալ ռուս-հայկական միասնական զորամիավորման ստեղծումից։ Բացառում է մի իրավիճակ, երբ ռուսները հայ զինվորներին կուղարկեն Սիրիա՝ ահաբեկիչների դեմ կռվելու։ Հավաստիացնում է՝ այն ծառայելու է բացառապես Հայաստանի անվտանգությունն ապահովելուն։ «Միայն ագրեսիայի դեպքում է գործում այս ամեն ինչը։ Խոսք չի կարող գնալ, որ այս զորամիավորումը կարող է գնալ Սիրիա կամ այլ պետություն։ Բոլոր փաստաթղթերում գրված է՝ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում, վերջ...»։ Բայց եւ որոշ դեպքերում բնական կհամարի, որ հայ զինծառայողները գործեն ռուսական հրամանատարության ներքո։ «Պայմանագրում գրված է՝ տարբեր իրավիճակներում կարող է ղեկավարել կամ ռուսական կողմը, կամ հայկական։ Տարբեր իրավիճակ, եթե հարձակումը լինում է լայն ծավալով, և ասենք, թե մենք կարող ենք 10 000 մարդ, իսկ Ռուսաստանը՝ 300 000 և գործում է Սևծովյան նավատորմը։ Ո՞վ պիտի ղեկավարի»,- հիմնավորում է նախկին նախարարը։ Վաղարշակ Հարությունյանը համարվում էր ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուներից մեկը։ Արդյո՞ք տարեվերջին կազմակերպության գագաթնաժողովում նման նշանակում կլինի՝ Պաշտպանության նախկին նախարարը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։