Կարեն Կարապետյանի համար «սյուրպրիզ» է եղել (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանը զարմանում է, երբ որեւէ մեկին զարմացնում է Հանրապետական կուսակցությանն իր անդամագրվելը։ Նա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերստին կրկնում է՝ չի եկել ընդամենը վեց ամիս աշխատելու, հուսով է, որ իր ղեկավարած կառավարությունը արդյունավետ կլինի,ու այդ պարագայում 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում: 2018-ից հետո իր պաշտոնավարման հարցը չի քննարկել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ դա կոռեկտ չէր լինի․ «Քննարկել այդ հարցը մոտավորապես նույնն է, որ ես հայտարարեմ, որ ես 3-4 տարուց պակաս պատրաստ չեմ աշխատել»: Ի դեպ, արդյունավետությունը պիտի որոշի «քաղաքացին, բանվորը, գյուղացին, գիտնականը՝ զգալով, որ ճիշտ ուղղությամբ են գնում եւ այդ դեպքում՝ կփորձեն աշխատել երկարատեւ»: Վարչապետը կրկնում է նաեւ նախկինում հնչեցրած այլ մտքեր, օրինակ՝ հստակ ռազմավարությամբ է ընտրել իր թիմին։ Ընտրել է թիմ, որը պաշտոնը չի օգտագործի անձնական հարստացման համար։ Բայց նաեւ համոզված է. «Աչքի կուշտ լինելու հատկությունը կախված չէ փողի քանակից, կաշիլյոկի հաստությունից, ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որ եթե կուշտ բառը օգտագործելը ճիշտ է, ապա այդ առումով կուշտ են»։ Օպտիմալացմանը կողմնակից Կարեն Կարապետյանը ասում է, որ ինքը բազմաթիվ օգնականներ , խորհրդականներ ունի, գումարած «խորհուրդ տվողներ».«Հայերի մեջ էնքան խորհրդական ունեմ… ինձ որտեղ բռնում՝ խորհուրդ են տալիս »: Ինքն էլ խորհուրդ է տալիս՝ չզարմանալ։ Նրանց մեծ մասը հասարակական հիմունքներով է օգնում վարչապետին։ Առայժմ գոհ է նրանց աշխատանքից։ Իսկ ինչ վերաբերում է կառավարության անդամների աշխատանքին, Կարեն Կարապետյանը կոնկրետ անուններ չի տալիս՝ պատճառաբանությամբ, թե ընտանիքի խնդիրները այլոց չեն հայտնում։ Նա չի կիսում լրագրողի տեսակետը, թե կառավարությունը վարչապետի ընտանիքը չէ։ Կարեն Կարապետյանը կադրերի մասին խոսելիս՝ չի թաքցնում ,որ այս ոլորտում կան խնդիրներ. «Թիմն ընտրելիս, գործընկերներիս ընտրելու ժամանակ ես շատ դժվարություններ եմ ունեցել, կան մարդիկ, որոնց որոշակի ավանսով եմ նշանակել, որովհետեւ այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել: Ցավոք, պետք է ֆիքսենք, որ մեր կադրերի պահեստային հարթակը այնքան էլ մեծ չէ»։ Գուցե դա՞ եւ պատճառը, որ արտաքին գերատեսչությունում հիմնովին փոփոխություններ չեղան, թեեւ հասարակությունն ամենաշատը այս ոլորտն էր քննադատում. «Ա1+»-ի ճշտող հարցին՝ Կարեն Կարապետյանը կարճ պատասխանեց՝ «Մասնավորապես՝ այո»։ Պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում՝ Կարեն Կարապետյանի համար եղել են «սյուրպրիզներ եւ ոչ սյուրպրիզներ»։ Նրա համար անակնկալ է եղել ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի թիվը, ուռճացված անձնակազմերը։ Նա նաեւ դեմ է երկարատեւ արձակուրդներին, օրինակ՝ Ամանորի առիթով։ Բայց այս տարի փոփոխություններ օրացույցում չեն լինի։ Հաջորդ տարի՝ չի բացառվում։ «Մենք մեզ չենք կարող այդպիսի ճոխություն թույլ տալ»,- ասում է նա։ Կարեն Կարապետյանը պատրաստվում է մասնակցել ՀՀԿ նախընտրական քարոզարշավին։ Արդյո՞ք նա արձակուրդ կվերցնի. «Ա1+»-ի մյուս հարցին Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Եթե պետք լինի, կգնամ, եթե ոչ՝ ավելի լավ բաների համար կօգտագործեմ»,- շարունակում է արդեն ծիծաղով։ Վարչապետն, ի դեպ, օտարեկրյա ներդրումների մասին հարցին պատասխանելիս նկատեց, որ նախընտրական շրջանը ռեալ խանգարում է տնտեսության ակտիվացմանը. «Բազմաթիվ մարդիկ, նույնիսկ տան գույքի գնումը հետաձգում են ապրիլի 6-ից հետո, բիզնեսմենները` նույն կերպ»: Լրագրողների որոշ հարցեր Կարեն Կարապետյանը ճիշտ չհամարեց, նույնիսկ չթաքցրեց իր վրդովմունքը, թե փոփոխությունները չեք նկատում։ Որոշ հարցերի դեպքում կատակում էր, հարցերի մեծ մասին էլ պատասխանում էր լակոնիկ։ Մի քանի հարցի դեպքում էլ հանձնարական տվեց իր օգնականներին, որոնք ներկա էին հանդիպմանը։ «Անխնա շահագործմանը դեմ եմ» Լրագրողներից մեկի հարցին, թե որ ուղղություններով է առավել աշխատելու Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը, վերջինս գյուղատնտեսության, ՏՏ-ի, Էներգետիկայի, տուրիզմի, ոսկերչության ոլորտներից բացի, նշեց նաեւ հանքարդյունաբերությունը։ «Ա1+»-ի ճշտող հարցին արդյո՞ք այդ վտանգավոր չէ մեր երկրի համար՝ հաշվի առնելով հանքերի անխնա շահագործման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումները, Կարեն Կարապետյանը պարզապես պատասխանեց. «Հանքերի անխնա շահագործմանը դեմ եմ»։