Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք ձեր այս կառավարությամբ ընդհանրապես կթաղեք տնտեսությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant-bagratyan

ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ճիշտ չէ, որ պատգամավորը այդքան դիտողություն ունի անելու, սակայն հնարավորություն չունի ելույթ ունենալ. «Պարոն Արամյան, դուք առաջ չեք գնում. ինչ սովորել եք 1990-ականներին, այդ մեթոդներով եք առաջ շարժվում: Դուք մեզ ձեռ եք առնում դեֆիցիտի մասին հրապարակումներով: Դուք հաճախ հարմարեցնում եք սուտը. ինձ թվում է՝ Դուք ձեր այս կառավարությամբ ընդհանրապես կթաղեք տնտեսությունը: Հին բաները նորից բերում, բացատրում եք: Իմ բոլոր հարցադրումներին զավեշտալի պատասխաններ եք տվել»: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ պատգամավորի հարցերին կպատասխանի՝ գործընկերության սոլիդարությունը պահպանելով. «Չեմ կիսում, որ սուտ ենք խոսում. իմ ցանկացած թեզ կարող եմ ապացուցել ոչ թե 1990-ականներին ստացած գիտելիքներով, այլ ժամանակակից աշխարհում Նոբելյան մրցանակակիրների հիմնավորումներով ու դա կարող ենք հրապարակային անել: Ինչ վերաբերում է պարտքի քաղաքականությանը, ապա ամեն ինչ շատ պարզ է՝ ամբողջ աշխարհում կա պարտքային ճգնաժամեր եւ կան խրոնիկ պահեր: Մեր մոտեցումը շատ պարզ է՝ երկու տարի անընդմեջ մենք ունեցել ենք պարտքի առանցիկ աճ, այդ պատճառով ապագայում մենք պետք է ունենաք պահպանողական վարքագիծ: Չեմ հասկանում ձեր առաջարկը՝ շարունակե՞նք պարտքի աճի նույն տեմպերը: Ես խոստանում եմ՝ սիրով կհրավիրեմ ձեզ ու բոլոր ձեր հացերին կանդրադառնանք»: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պարզաբանեց, որ բյուջեի նախագծի քննարկումների վերսկսումը սահմանվում է ԱԺ կանոնակարգով, որտեղ նշված է, որ պատգամավորների ելույթներ նախատեսված չեն. «Այնպես որ պարոն Բագրատյան, որևէ մեկը ձեզ չի արգելում: Ես ողջունում եմ նախարարի սոլիդարության պահպանման կոչը եւ բարեկիրթ ոճով ձեզ արված հարցերը»: Հրանտ Բագրատյանի բարկությունը չմեղմվեց. «Ես գիտեմ ԱԺ կանոնակարգ օրենքը ու դա աբսուրդ է ինձ համար ու ինձ դասեր տալ պետք չէ: Ինչ վերաբերում է բյուջեին՝ 55 առաջարկ անող մարդուն լավ կլիներ, որ հրավիրեին քննարկման, նոր միայն այստեղից ելույթ ունենային: Խոսում եք Նոբելյան մրցանակակիրներին, պիտի ասեմ, որ նրանցից որեւէ մեկը չի կարող այս ճկույթիս չափ առաջարկ անել ՀՀ տնտեսության վերաբերյալ: Տիկին Նաղդալյան, մենք երկիրը կկորցնենք այսպես. հերիք է, որ ՀՀԿ-ականներով ամեն ինչ գիտեք, ու երկիրը տանեք կործանման, այդպես չի կարելի»: Ի պատասխան Հերմինե Նաղդալյանն ասաց, որ որեւիցե մեկին երբեւէ դաս չի տվել, եթե անգամ դրա կարիքը եղել է. «Ուղղակի հորդորում եմ՝ պահպանել գործընկերային սոլիդարությունը»: Վարդան Արամյանն էլ պատասխանեց, որ ինքը Նոբելյան մրցանակակիրներին վկայակոչեց՝ ուղղակի նշելու համար, որ հնացած գիտելիքներով իրենք չեն առաջնորդվում. «Ինչպես դուք եք հետեւում ժամանանակից զարգացումներին, պարոն Բագրատյան, այնպես էլ մենք ենք նոր թեզերով առաջնորդվում բյուջեն կազմելիս, ու հետամնաց գաղափարներ չկան մեզ մոտ»: