«Նախագիծը խոստովանություն է՝ սեփական անկարողության մասին» (տեսանյութ)
ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ իրենք չեն ուզում, որ Կառավարությունը փոխի պարտքային քաղաքականությունը. «Խնդիրն ընդամենը զարգացման քաղաքականության, ավելի ճիշտ՝ նրա բացակայության մասին է»: Նա մեջբերեց վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ մեր արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն ու եկամուտները. «Սա նշանակում է, որ նա լավ է պատկերացնում՝ ինչ խնդիրների առաջ ենք կանգնած: Իրականում դուք չունեք երկրի կառավարման ծրագիր, դուք բյուջեի այս նախագծով ընդամենը ցանկանում եք, որ մենք ձեզ հետ միասին կիսենք երկիրը աղետի տանելու պատասխանատվությունը։ Բնականաբար, մենք երբեք նման բան չենք անի ու ձեզ էլ նույն խորհուրդը կտամ: Այս նախագիծն ընդամենը խոստովանություն է՝ սեփական անկարողության մասին»: Նրա խոսքերով՝ այս շաբաթների ընթացքում մեր տնտեսությունն ուղղակի փլուզվում է, քանի որ ԿԲ-ն ու Կառավարությունն այսքան կտրուկ չեն փոխել տնտեսական իրենց գնահատականները. «Այս թվերով դուք ոչ թե պետք է գնայիք ընտրությունների, այլ պիտի միանգամից հրաժարական տայիք ու ճանապարհ բացեիք այն ուժի համար, որը կարող է ստանձնել կառավարման ղեկը: Ես խոսում եմ այն քաղաքական ուժի մասին, որը կարող է հայտարարել այդ իրատեսական ծրագրի մասին ու զարգացման անհրաժեշտ տեմպերը կարող է ապահովել: Այս կառավարությունը չունի երկրի զարգացման բանալի, իսկ մենք ունենք ու կարող ենք ապահովել տարեկան 7 տոկոս տնտեսական զարգացում»: Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ տնտեսության մեր մակարդակը պետք է գոնե հասցնենք Վրաստանի մակարդակին. «Այսինքն, կազմաքանդենք մենաշնորհը, նվազեցնենք գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 25 տոկոսով, որի հաշվարկը տվել եք՝ ընդամենը մեթոդաբանությունը փոխելով, կարող ենք հասնել արդյունքի: Բացի այդ, առկա 14 հարկատեսակից թողնել ինչպես Վրաստանում՝ միայն հինգը, պարզեցնել հարկային համակարգը՝ բոլոր դրույքները պետք է լինեն ավելի փոքր, քան Վրաստանում է, պաշտպանել բոլոր ներդրումները, այլ ոչ թե 50 տոկսով մտնել շահույթի մեջ, տնտեսությունը հանել ստվերից, ապահովել կապիտալի ներհոսք ՀՀ, իսկ եկամուտներն ուղղել ռազմական բարձր տեխնոլոգիաների պատվերներին, գյուղացիական տույժ-տուգանքների ամնիստիաներին: Սրանով կբարձրացնենք նաեւ կենսաթոշակները՝ գոնե սպառողական զամբյուղից շատ»: Նա վստահ է՝ այս ամենով հանդերձ եւ ներդրումները, եւ սպառումը կխթանվեն. «Սա այն ծրագիրն է, որ ՀԱԿ-ը կիրագործի, եթե հաղթի ընտրություններին: Մենք գիտենք՝ ինչ ենք անելու, իսկ հիմնական խնդիրը կառավարման ահավոր որակն է, ահավոր կոռուպցիան: Այս խնդիրները, վստահ եմ, որ չեք կարող հաղթահարել. հիմա դուք ժամավաճառությամբ եք զբաղվում՝ տնտեսությունը խեղդելով, մսխելով բյուջեի միջոցները, երկիրը տանելով դեպի անդունդ, ինչը, որ դուք փաստագրել եք բյուջեի այս նախագծով: Մենք դեմ ենք բյուջեի այս նախագծին: Կոչ ժողովրդին՝ օգտագործեք ընտրություններին ընձեռված ձեր շանսը՝ ազատվելով այնպիսի իշխանություններից»: ԱԺ նախագահությունից որեւէ արձագանք չեղավ: Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն անընդունելի էր համարում այն, որ եկող տարի չեն ավելացվելու աշխատավարձերը. «Դուք այսպիսով գերեզմանային կայունությունն եք խթանում. երբ չեք բարձրացնում նվազագույն աշխատավարձը, դրանով դուք խթանում եք ստվերը, քանի որ որեւէ մեկը 55 հազար դրամով այսօր չի աշխատում»: