Գյուղմթերք արտադրող բնակչության վիճակը աղետալի է. Լևոն Զուրաբյանի ելույթը
Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը Ազգային ժողովում Դեկտեմբերի 4-ին այցելեցինք Արմավիր գյուղեր եւ բազմամարդ հանդիպումներ ունեցանք գյուղացիների հետ: Գյուղմթերք արտադրող բնակչության վիճակը աղետալի է, եւ դա միայն մեր այցելած գյուղերում չէ, այլ ամենուրեք: Մեծամասնությունը վերցրել է գյուղատնտեսական վարկեր, գրավադրելով իրենց տները եւ հիմա, մի քանի տարվա ցրտահարումից եւ կարկտահարությունից հետո, ուղղակի ի վիճակի չէ վճարել պարտքերը, հայտնվելով բանկերի, դատարանների եւ ԴԱՀԿ-ի ճնշումների ներքո: Խնդիրը ոչ թե մի քանի ամբարեխիղճ աշխատողների է վերաբերում, այլ ըստ էության բոլորին, այսինքն սա հմակարգային խնդիր է, որով պետք զբաղվի պետությունը: Վարկերի աներևակայելիորեն բարձր տոկոսադրույք ունեն՝ 24%, որը գյուղատնտեսական վարկը վերածում է սպառողականի՝ ի սկզբանե դատապարտելով գյուղացիական տնտեսությունը անվճարունակության: Կուտակված տույժերն ու տուգանքները կրկնապատիկ կամ եռապատիկ անգամ գերազանցում են վարկի մայր գումարը:« Սպայկա» ընկերության եւ մաքսակետերի ապօրինի համագործակցությամբ, արհեստական մենաշնորհային խոչնդոտներով դժավարացվել է իրացումը, գյուղացուն պարտադրելով աննպաստ գներ: Գյուղտնտեսական վարկերի տոկոսավճարները սպասարկելու նպատակով պետության կողմից տրամադրվող առանց այդ էլ փոքր ծավալների սուբսիդիաները վատնվում են: Մարդիկ չեն հրաժարվում վճարելուց, սակայն խորացող պարտքային փոսից դուրս գալու հեռանկարի բացակայությունը դատապարտում է տասնյակ հազարավոր մարդկանց չքավորության, գցելով անհուսության գիրկը և մղելով արտագաղթի: Այս ամենի հետևանքով տուժում են բոլորը. ա) աճում են բանկերի անհուսալի ակտիվները, բ) աճում է աղքատությունն ու գործազրկությունը, գ) կրճատվում են իրացման ծավալներն ու առևտուրը՝ ազդելով ՀՆԱ-ի վրա: Խնդիրը վերաճել է պետական տնտեսական անվտանգության խնդրի և պետությունը պարտավոր է գտնել համակողմանի, համալիր լուծում: Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է. Առնվազն կրկնապատկել գյուղացիական վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Գյուղատնտեսությունում տրված բոլոր արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5 ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն.դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով: Պահանջում ենք նաեւ անհապաղ դադարեցնել ԴԱՀԿ կողմից բռնագանձման բոլոր գործողությունները, ազատել գյուղմթերքների իրացման շուկան, վերացնել «Սպայկա» ընկերության ապօրինի մենաշնորհը, վերացնել կամայականությունները մաքսակետերում: