Վարչապետը կհանդիպի խոշորների հետ, բանկերը կաշխատեն նաև շաբաթ-կիրակի (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստն էլ չանցավ առանց հանձնարարականների: Վարչապետն այս անգամ Ամանորի տոներին մի շարք անհարմարություններից ու խախտումներից խուսափելու համար հանձնարարականներ տվեց մի քանի ոլորտների պատասխանատուների: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին Կարեն Կարապետյանը հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ՝ աշխատելով անգամ շաբաթ եւ կիրակի օրերին. «Հաշվի առնելով ամանորյա տոները եւ այդ ընթացքում տնտեսվարողների ակտիվությունը, մաքսակետը դեկտեմբեր ամսին և հունվարի տոնական օրերին պետք է աշխատի առանց հանգստի: Ինձ թվում է՝ շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանելը, որ հասկանանք, թե որոնք են մեր նեղ տեղերը»,- ասաց Կարապետյանը: Իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին նա հանձնարարեց ապահովել բանկերի աշխատանքը՝ շաբաթ և կիրակի օրերին: ՏՄՊՊՀ նախագահին Կարեն Կարապետյանը հանձնարարեց Ամանորից առաջ ուշադիր լինել շուկայի գնային քաղաքականությանը: «Առավել ուշադիր եղեք գների արհեստական բարձրացման և հակամրցակցային քաղաքականության խնդիրներին. Բայց ձեր միջամտությունը պետք է ոչ մի կերպ չխանգարի դաշտում ճիշտ քաղաքականություն ունեցող տնտեսվարողներին: Ապահովեք տնտեսվարողների շահը, միջամտեք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ չարաշահում են»: Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին էլ վարչապետը հանձնարարեց հաջորդ շաբաթ կազմակերպել հանդիպում տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, տասը խոշոր արտահանողների, հինգից տասը խոշոր ներդրողների եւ տասը խոշոր բանկերի հետ. «Հանդիպմանը քննարկելու ենք այն պրոբլեմները, որոնց առաջ կանգնած են նրանք այսօր»: