Ոստիկանությունում ներդրվում է շերիֆական ինստիտուտը
ԱԺ-ն քննարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով կարգավորվում է բարձրագույն ոստիկանական կրթությունը, նրանց աշխատավարձերը: Նախագիծը ներկայացնում է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ նշելով, որ այս նախագծով, ըստ էության, ներդրվում է շերիֆական ինստիտուտը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը պետք է գնա գործուղման եւ այդ պատճառով հիմա ուզում է արտահայտել իր կարծիքը ոստիկանության մասին: Նա ընդգծեց, որ այսօրվա ոստիկանությունը գրեթե ամբողջովին տարբերվում է տարիներ առաջվա կերպարից. «Ոստիկանությունն այսօր բարեփոխվում է, ու ինչպիսի հարգանք ունենանք ոստիկանների նկատմամբ, նույնպիսի ապագա էլ կունենան մեր երեխաները: Ոստիկաններն այդքան ցածր աշխատավարձով պատրաստ են պաշտպանել մեր անվտանգությունը: Միգուցե սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ, քանի որ եղբայրս էլ ոստիկան է, ու ես գիտեմ նրանց չնորմավորված աշխատանքը: Երբ մեր անվտանգությանը վտանգ է սպառնում, դիմում ենք ոստիկանին, սակայն երբ շնորհակալության պահն է գալիս, մոռանում ենք: Հիմա ինձ կսկսեն քննադատել, սակայն ես պատրաստ եմ ձեզ հետ միասին մինչեւ վերջ գնալ»: ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց ոստիկանի՝ այսօրվա հեղինակության մասին: Ի պատասխան Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ մեր ոստիկանությունը բավականին բարձր հեղինակություն ունի, եւ մեր ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումները օրինակելի են նաեւ այլ երկրների համար: