Պաշտոնյայի ձերբակալությունից հետո Տարոն Մարգարյանը խորհրդակցություն է հրավիրել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ: Քաղաքապետն իր դժգոհությունն է հայտնել աշխատանքների կազմակերպման և պարտականությունների կատարման հարցում առկա թերացումներից: «Բոլորիդ առջև պահանջ էր դրվել հետևողական ու կոշտ պայքար տանել ապօրինի շինարարությունները հայտնաբերելու, կասեցնելու և նման շինությունները քանդելու ուղղությամբ, իսկ քաղաքացիների հետ շփումներում էլ լինել ազնիվ. մեկ աշխատակցի անազնիվ քայլը ստվերում է բոլորիդ աշխատանքը: Եվ բոլորդ զգուշացված էիք, որ սահմանված սկզբունքից ցանկացած շեղում իմ կողմից գնահատվելու է որպես աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում, ինչն անպայման ունենալու է համապատասխան հետևանքներ: Վարչության պետն ու ծառայության պետն էլ պետք է խստորեն վերահսկեին սահմանված սկզբունքների պատշաճ կատարումը, սակայն անկախ կատարված աշխատանքների ծավալից, արդյունքը գնահատում եմ ոչ բավարար: Այս տարվա ընթացքում 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից, քանի որ չարաշահել էին մեր և մեր համաքաղաքացիների վստահությունը: Սահմանված սկզբունքները խախտողները միանշանակ պե՛տք է ազատվեն աշխատանքից, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ: Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Կարճ ժամանակահատվածում ակնկալում եմ այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հիշեցնենք, երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով գումարներ: