Եթե քաղաքում վատ հոտ է տարածվել, պետք չէ բոլորի քթերը կտրել. կրթության փորձագետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրն սկսելու պարտադիր պայմանով: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` ֆինանսական և տնտեսագիտական կրթությունը հասարակագիտության, մաթեմատիկայի և ես և շրջակա աշխարհը առարկաների ծրագրերի մեջ ներառելու քայլը դրական է համարում: «Դա լավ մոտեցում է, որովհետև այսօր այլևս նոր առարկա մտցնելու տեղ և հնարավորություն չկա և նաև մենք պետք է մի բան էլ հասկանանք, որ միշտ չէ, որ ինչ-որ մի բան երեխաները լավ են սովորում, երբ ուղիղ ես սովորեցնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Փորձագետի կարծիքով` հանրակրթական դպրոցներում առարկայի դասավանդման համար ուսուցիչների վերապատրաստման խնդիրներ կարող են ի հայտ գալ, բայց ինտեգրված ձևով քաղաքացուն անհրաժեշտ ֆինանսական գիտելիքներ ուսուցանելու գաղափարին, այնուամենայնիվ, դեմ չէ: «Միջազգային հետազոտություն է անցկացվել և փորձել են հասկանալ` ո՞ր երկրներում է աշակերտների, շրջանավարտների ֆինանսական գրագիտությունն ավելի լավ մակարդակում, և փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ դա անցնում են` որպես առանձին առարկա, այդքան էլ լավ արդյունք չեն գրանցել, բայց, օրինակ` այն երկրները, որոնք ավելի շատ շեշտը դնում են ֆունդամենտալ մաթեմատիկայի վրա, այնտեղ ավելի լավ արդյունքներ են»,- նշեց փորձագետը: Փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հայտարարած բարեփոխման ծրագրին, որի համաձայն` ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները դեկտեմբերին հնարավորություն ունեն հանձնել իրենց ավարտական քննությունները, իսկ երկրորդ կիսամյակում բուհ ընդունվելուն պատրաստվելու ժամանակ կունենան: «Բոլորս էլ գիտենք, որ 12-րդ դասարանում երեխաները նորմալ դասի չէին գնում: Դպրոցի տնօրենը, դասղեկը խնդրում էին` երեխեք, գոնե մեկ-մեկ եկեք կամ, լավ, մի եկեք, բայց, եթե հանկարծ ստուգող եկավ պետք է վազելով գաք, որ խնդիր չունենանք, այսինքն` նախարարի այս որոշումը ընդամենը այդ իրավիճակը օրինականացնում է»,- նշեց կրթության փորձագետը: Ինչ վերաբերում է բուհերում պետական քննության կարգը վերացնելու նախարարի հայտարարությանը, դրան Սերոբ Խաչատրյանը` որպես դասախոս, համաձայն չէ: «Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր Հայաստանի բուհերում մենք ունենք խնդիր, որ ուսանողները առանձնապես չեն ցանկանում շատ սովորել, սա պետք է պահել, որ գոնե վերջում ամփոփեն` իրենց մասնագիտության մեջ ինչ կարևոր հարցեր կան: Կարելի է հարցերի բնույթը վերանայել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը: Կրթության փորձագետի կարծիքով, եթե այստեղ կոռուպցիա կա, դա չի նշանակում, որ պետք է քննությունը վերացնել: «Մի հայտնի պատմություն կա` թագավորին գալիս, ասում են, որ երկրում տհաճ հոտ է տարածվել, ասում է` բոլոր քաղաքացիների քթերը կտրեք: Եթե կրթական համակարգում կոռուպցիա կա, պետք է կոռուպցիայի դեմ պայքարենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը ներկայացրել էր դեկտեմբերի 2-ին և այն այժմ լրամշակման փուլում է: