Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքսիկայի նախկին նախագահը միանում է «Ավրորա»-ի հանձնաժողովին

Կարևոր լուրեր Հասարակություն
mexica

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը հաստատել է Էռնստո Սեդիլյոյի նշանակումը որպես 2017թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Մեքսիկայի նախկին նախագահը Նյու Յորքում միացել է Ընտրող հանձնաժողովի հարգարժան անդամներին՝ խորհրդակցելու մրցանակի 2017թ. հավակնորդների ընտրության շուրջ: Լինելով Մեքսիկայի նախագահ՝ Սեդիլյոն երկրումի րականացրել է կարեւոր ժողովրդավարական եւ սոցիալական բարեփոխումներ ու մասնակցել է համաշխարհային հանրությանն սպառնացող մի շարք լուրջ մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններին: Սեդիլյոն Ֆրանկլին Դ. Ռուզվելտի անվան «Խիզախության մրցանակի» դափնեկիր է (Franklin D. Roosevelt Freedom from Fear Award): 2005-2011թթ. նագլխավորել է «Գլոբալ զարգացման ցանցը»: Ներկայում նա Յեյլի համալսարանի «Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրենն է, որի ուշադրության կենտրոնում միջազգային զարգացման ծրագրեր են: «Ուրախ եմ ողջունելու նախագահ Սեդիլյոյին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում: Նա իր մեծ փորձառությամբ անգնահատելի ներդրում կունենա այս ակնառու ժյուրիի կազմում», - ասել է Նյու Յորքի Կարնեգի կորպրացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Նախագահ Սեդիլյոյի հեղինակությունը` որպես սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների առաջադեմ պաշտպան, ինչպես նաեւ մարդասիրության ոլորտում ճանաչված առաջնորդի համբավը հսկայական ազդեցություն կունենան «Ավրորա» մրցանակի հաջորդ դափնեկրի ընտրության գործում»: «Ես հպարտ եմ՝ միանալու այս հարգարժան Ընտրող հանձնաժողովին, որի կազմում աշխարհում կարիքավորների խնդիրների համար պայքարող այսպիսի ականավոր պաշտպաններ կան, - ասել է Էռնեստո Սեդիլյոն,- անհամբերությամբ սպասում եմ՝ մեծարելու նրանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը, փրկում են այլոց եւ մարմնավորում են այն լավագույնը, որն այսօր մեզ դարձնում է գլոբալ մարդկային համայնք»: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են ինը հումանիտար գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից: Նրանց բացառիկ նվաճումներն անգնահատելի նպաստ են բերում մարդասիրական ջանքերին, որոնք արժանի են համաշխարհային ճանաչման: Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի գործող Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքերի ոլորտում ակտիվիստ Հինա Ջիլանին, Միժազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ եւ Ավստրալիայի նախկին վարչապետ Գարեթ Էվանսը, «Ավրորա» մրցանակի համահիմնադիրՎարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: Էռնեստո Սեդիլյոն այսօր Նյու Յորքում պաշտոնապես ծանոթացել է Ընտրող հանձնաժողովի մյուս անդամներին եւ մասնակցել է քննարկմանը, որտեղ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ուսումնասիրել է եռամսյա առաջադրումների փուլում ներկայացված եւ նախընտրական փուլն անցած բոլոր թեկնածությունները: Ընտրող հանձնաժողովին նաեւ ներկայացվել է 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ դրան նախորդող միջոցառումների մանրամասները: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Բոլոր հավակնորդները կհրավիրվեն եւ մեծարման կարժանանան 2017թ. մայիսի 28-ին Երեւանում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ:  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին «Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ(Երեւան Հայաստան): «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրություն առաջ մղելու վրա։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։ Ավելին՝ www.auroraprize.com-ում