Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այստեղ կանգնածներից ոչ մեկի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
hush-yeryak1

Համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին հուշագրի ստորագրումից հետո «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին: Վանաձորի եւ Գյումրիի ավագանու ընտրություններին ԼՀԿ-ն եւ ՔՊ-ն մրցակիցներ էին ու որոշակի պահի անցան անգամ փոխադարձ վիրավորանքների: Հաշվի առնելով դա՝ որքանո՞վ  է հեռանկարային նրանց համագործակցությունը եւ արդյոք մոռացվել են այդ քննադատությունները: «Այն ամենը, ինչ տեղի է ունեցել, դրա հիմքում ու խորքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը: Այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են»,-հայտարարեց ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ԼՀԿ խորհրդի նախագահ էդմոն Մարուքյանն ավելացրեց. «Ժամանակին եղած քննարկումները, քննադատությունները նույն տեսլականն ունեցող մարդկանց միավորման, ընդհանուր մոտեցումներ գտնելու ճանապարհն էին»: Նորաստեղծ դաշինքը, որի անունը դեռ քննարկվում է, ապագայում կսկսի բանակցել միասնական կուսակցություն ստեղծելու շուրջ: «Մենք՝  «Հանրապետություն» կուսակցությունը, սրանից 15 տարի առաջ չենք ձեւավորել, որ փորձենք դառնալ 110 տարեկան. մենք ձեւավորվել ենք, որ լավ ՀՀ ունենանք ու ձգտելու ենք դրան»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Սասուն Միքայելյանն իր կողմից ավելացրեց.  «Այստեղ կանգնածներից ոչ մեկի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար. կարեւորը ընդհանուր գործին օգուտ տալն է: Նախագահ կարող է դառնալ ոչ թե այս երեքից մեկը, այլ այնպիսի անհատ, որը կկարողանա առաջնորդել մեզ»: ԱԺ առաջիկա ընտրություններից դաշինքը մեծ սպասելիքներ ունի ու ցանկանում են նախանշված շեմը հաղթահարել մեծ ցուցանիշներով: «Մենք հույս ունենք, որ 50+1 կամ 2 գոնե կունենանք էլի: Ասում է՝ դե ինձ էլ ինչ կտաս, կտաս, բայց դո գոնե մի 50 լինի էլի»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ազդարարել է քաղաքականություն իր վերադարձի մասին, այդ մասին ակնարկել է նաեւ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Նոր ձեւավորված դաշինքը մրցակից չի տեսնում նրանց՝ իրենց հիմնական թիրախը իշխանությունն է: «Լեւոն Տեր-Պետրոսյանի մասով չեմ կասկածում, որ կծավալի ընդդիմադիր գործունեություն, իսկ Գագիկ Ծառուկյանի մասով՝ ժամանակը ցույց կտա»,- նկատեց Արամ Սարգսյանը: Թե քաղաքական որ ուժի հետ ընդհանրապես չեն համագործակցի, դաշինքի անդամները կոռեկտ չհամարեցին արտահայտվել՝ համագործակցել պատրաստ են բոլորի հետ: Այս պահին բանակցություններ են ընթանում «Ժառանգության» հետ: