Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ են գումարները բանկերում, երբ բազմաթիվ զինվորներ դրա կարիքն ունեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
RXCHxnnMZpo

Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացրած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում փոխհատուցման մասին նախագծերի փաթեթի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսեց հասարակության կողմից իշխանության ցանկացած նախաձեռնության նկատմամբ անվստահության ու հատկապես «Մարտիկ» հիմնադրամի նկատմամբ եղած անվստահության մասին. «Ես գիտեմ, որ այդ հիմնադրամի գումարները ապահով պահված են բանկերում: Ինչո՞ւ է բանկերում այդ գումարը ապահով պահված, երբ բազմաթիվ զինվորներ կան, որոնք այդ գումարների կարիքն ունեն»: Նա անդրադարձավ նաեւ ԱԺ աշխատակազմի կողմից աշխատավարձից մեկ տոկոս բանակի համար վճարելու հանգամանքին. «Նրանք չեն կարող խոսել այդ մասին, քանի որ կմեղադրվեն բանակին գումար  չտալու մեղքի մեջ: Հարյուր հազար դրամ ստացող վարորդը հունվարի մեկից շարունակելո՞ւ է այդ մեկ տոկոսը վճարել, ինչպես նաեւ՝ հազար դրա՞մը: Ես փոխանցում եմ նրանց հորդորը, որ պարոն նախարար, կողմնորոշվեք՝ ո՞ր գումարն են իրենք, ի վերջո, փոխանցելու: Որոշ անհանգիստների ուզում եմ ասել, որ ԲՀԿ-ն չի միացել այս նախաձեռնությանը եւ լավ ենք արել, սակայն դա չի նշանակում, որ մեր պարտքը չենք կատարել: Չենք վստահել՝ չենք միացել, մինչդեռ մենք այլ կերպ ենք օգնել զինվորներին»: Նա ողջունեց, որ ԲՀԿ առաջարկը ընդունվել է, ու զոհված, վիրավոր զինծառայողների ընտանիքներից այդ հազար դրամը չի գանձվի: ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց Նաիրա Զոհրաբյանի ելույթին. «Ես  ձեզ նման լավով եմ շոշափում ձեր անունը, ու ուզում եմ ասել, որ դուք ավելի գեղեցիկ ու հմայիչ եք, երբ հանգիստ եք խոսում: Ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմին, ապա նրանք կամավոր են փոխանցում այդ գումարները, այլ ոչ թե կամավոր-պարտադիր են: Տիկին Զոհրաբյան, խնդրում եմ լսեք ինձ՝ սա կուսակցական նիստ չէ, ԱԺ նիստ է: Նախարարի առաջարկածը պարտադիր է, իսկ ԱԺ-ինը կամավոր է: Եկեք չասենք՝ ով, ինչ է արել. ինչ անում ենք ու ասում ենք, դա ոչ մարդկանց է հաճելի, ոչ էլ Աստծուն»: