Մինչև 2017-ի հունիսի 1-ը ապօրինի հարստացողները կազատվե՞ն պատժից (տեսանյութ)
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հետաքրքրում է, թե ինչու են «Քրեական օրենսգրքում» կատարվող փոփոխությունները, որ վերաբերում է ապօրինի հարստացմանը, ուժի մեջ մտնելու 2017 թ. հունիսի 1-ից: «Թաքնված են քաղաքական մոտիվներ, ընտրություններից առաջ միգուցե ուզում եք խուսափել հնարավոր գործընթացներից, բացահայտումներից եւ այլն եւ այլն: Ի՞նչն է խանգարում, որ օրենքը հենց ստորագրվելուց հետո մտնի ուժի մեջ»,- Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց տվեց Լեւոն Զուրաբյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին, երբ Հայ Ազգային կոնգրեսը ներկայացրել էր Տարոն Մարգարյանի եկամուտների եւ գույքի անհամապատասխանության խնդիրը, ներկայացված հաշվարկներով մոտ 10 մլն դրամի չափով, դատախազությունը պատասխանել է, որ հանցակազմ չկա: «Եթե հիմա քրեականացումը մտցվում է, դատախազությունը ստիպված կլինի՞ պատասխանել, որ հանցակազմ կա եւ քրեական գործ հարուցել եւ առաջ գնալ։ Բայց ստացվում է մեկ ուրիշ բան, քանի որ ասում եք՝ օրենքը հետադարձ ուժ չունի: Կարծում եմ, որ կարելի է հետադարձ ազդեցության ուրիշ մեխանիզմներ գտնել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ եթե օրենքը հետադարձ ուժ չի նախատեսում, ստացվում է, որ ով մինչ այդ է հանցանքը կատարել է, ազատվում է պատժից: Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ պետք է պրոցես ընթանա, աշխատանքի պատշաճ սպասարկում պետք է իրականացվի եւ հակակոռուպցիոն մյուս գործիքները լինեն: «Եթե գործիքները պատրաստ չեն, կիսատ օրե՞նք եք բերել, բերել եք օրենքի մի մա՞սը»,- հարցրեց Լեւոն Զուրաբյանը: Արփինե Հովհաննիսյանն ավելացրեց՝ այն, ինչ բերված է, բավարար է՝ օրենքն ինքնաբավ անվանելու համար: