«Ամենամեծ կոռուպցիոները նստած է ոչ թե դալանում, այլ իրենց աշխատասենյակում» (տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի հավատում, որ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը, գործելու է: «Դալանում դատավորին բռնում են այն ժամանակ, երբ անհրաժեշտություն կա հեռուստատեսությամբ կոռուպցիայի դեմ պայքարելու շոու սարքելու: Իսկ ամենամեծ կոռուպցիոները նստած է ոչ թե դալաններում, այլ իրենց աշխատասենյակներում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքերով՝ ազնիվ չէ մտածել, որ նախագիծն ընդունելուց հետո բոլոր խնդիրները լուծվելու են: «Երբ ինչ- որ մեկը նշանակվում է պաշտոնի, ասում է՝ դե լավ, գնամ մի քիչ էլ ես լավ ապրեմ, այդտեղից պետք է սկսել, պետք է բռնել այդ մարդու ձեռքը»: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ նրանց նույնիսկ փոքր պաշտոն չպետք է վստահել: ԲՀԿ խմբակցության ղեկավարը հիշեց լրատվամիջոցներից մեկում արված հետազոտությունը, թե որտեղ են հանգստանում ՊԵԿ-ի միջին պաշտոնյան անգամ: «Պարզվեց, որ արաբական շեյխերը գլուխները պատին են տվել »: Խմբակցության ղեկավարի խոսքերով՝ դահլիճում այսօր բազմաթիվ մարդիկ պետք է լինեին նստած, ում առաջին հերթին հենց վերաբերում է ապօրինի հարստացման օրենքը. «Նրանք չկան, իրենց հետաքրքիր չէ, որովհետեւ իրենք գիտեն՝ 10 հատ էլ օրենք ընդունեն, իրենք անելու են այն, ինչ ուզում են, որովհետեւ կա չգրված օրենք, որն ավելի վեր է, քան ցանկացած օրենք եւ անգամ Սահմանադրությունը»: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք նախագծին կողմ են քվեարկելու, քանի որ բացարձակ անհասկանալի կլինի, որ ապօրինի հարստացման դեմ նախագծին որեւէ մեկը դեմ լինի: