«Պապաները թրիքից այն կողմ բան չէին տեսել, երեխաները միլիարդատեր են» (տեսանյութ)
«Մեր երկրում բոլոր ուղղություններով վխտում է կոռուպցիան, կաշառակերությունը, ապօրինի փողերը»,- այսօր ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ նման կարծիք հայտնեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքերով՝ այսօր կոռուպցիոն ռիսկեր են պարունակում նաեւ բարեգործությունները. «Մեկը միլիոններով փող է թափում, մեկը չի ասում՝ մի հատ արի տեսնեմ, այդ ո՞ր փողերից ես բաժանում»: Ըստ Հեղինե Բիշարյանի՝ գումար բաժանելու պրոցեսը կսկսվի նաեւ ընտրություններից առաջ. «Վաղը ռեյտինգային թեկնածուները բերելու են եւ մեշոկներով փողերը բաժանելու են»: ՕԵԿ խմբակցության ղեկավարին զարմացնում է նաեւ Մոնումենտում կառուցված տների շքեղությունը: «Ներքին հարդարանքները, վարպետները դուրս են գալիս, կիլոյով ոսկի են օգտագործում պատերը ներսից զարդարելու համար: Ի՞նչ է, հետները տանելու են այն աշխա՞րհ, ի՞նչ են անելու, այս որտեղից»,- հարց է տալիս պատգամավորը: Նա անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանի մեծահարուստների ծնողներին՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր չէ գումարը նրանցից ժառանգած լինեին. «Այդ ո՞ւմ պապաներն են գումար տվել, որ չենք ճանաչել իրենց պապաներին, թրիքից այն կողմ բան չէին տեսել իրենց պապաները: Հիմա իրենց երեխաները միլիարդատեր են, միլիոնատեր չեն: Հիմա այդ մարդիկ եկել են եւ սովորեցնում են, որ օրենքներով պետք է առաջ գնան»: Նա շատ ափսոսաց, որն օրենքի փոփոխություն ներկայացնողը՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, իր տեսակով եւ որակով որեւէ կապ չունի այս որակի հետ: Հեղինե Բիշարյանը շատ ցանկացավ, որ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը չդառնա հերթական չգործող օրենքը: