Հունական ծագմամբ Էդ. Շարմազանովը կողմ է դրակոնյան օրենքներին (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունը ունի քաղաքական կամք եւ համարձակություն գնալու այս քայլին եւ պայքարելու ապօրինի հարստացման դեմ: «Այս օրենսդրական նախաձեռնությունը ռեֆորմ է, որովհետեւ այն կանխելու է բոլոր այն չարաշահումները եւ չարաշահողներին, որոնք գնալու են ապօրինի ճանապարհով»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Միաժամանակ ապօրինի հարստացման դեմ պայքարը, ըստ ԱԺ փոխնախագահի, չպետք է լինի մահակ քաղաքական հետապնդումների համար. « Պետական բյուջեից փող գողանալը բարոյական չէ եւ այստեղ ես որպես հունական ծագում ունեցող անձնավորություն՝ կողմ եմ այն դրակոնյան օրենքներին, որոնք մ.թ.ա. 6-րդ դարում եղել են հին Հունաստանում: Բյուջեից փող գողանալը պետք է լինի դատապարտելի»: Էդուարդ Շարմազանովն այսօր կարեւոր խնդիր համարեց նաեւ ժողովրդի մտածելակերպը փոխելը եւ նշեց. «Այն պաշտոնյան, որը աշխատավարձով ապրում է, որը բիզնեսներ չունի, մոնոպոլիաների մեջ չկա, կարող են ասել՝ դե հարիֆի մեկն է, էլի: Այդքան աշխատեց մի բան չունի»: Հիշեցնենք, ԱԺ արտահերթ նիստում «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումն է, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը։