Առաքել Մովսիսյանը Թևան Պողոսյանին «գործ տվող» անվանեց (տեսանյութ)
Կառավարության հրավիրված ԱԺ արտահերթ նիստի սկզբում քվեարկության դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել ապօրինի հարստացումը: Այն ընդունվեց 90 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մինչ քվեարկությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հորդորեց նորից գրանցում անել. «Մարդիկ կան, ովքեր այստեղ չլինելով, գրանցված են»: Նա խնդրեց ԱԺ նախագահությանը՝ վերականգնել պատգամավորների գրանցման սխեման: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ միայն քվեարկությունից հետո կարելի է ստանալ այդ սխեման և հարցը դրեց քվեարկության: Քվեարկությունից հետո պատգամավորը կրկին հանդես եկավ նույն պահանջով: Այդ ժամանակ տեղից ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը պատգամավորին անվանեց «գործ տվող»: «Արխային, ուրախ եմ, եթե հանուն իմ ազգի, ազնվության, օրենքի կարելի է գործ տվող համարվել, թող տենց էլ լինի»,-արձագանքեց Թեւան Պողոսյանը: Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ այդ մի կողմ ձայնը քվեարկած նախագծերից կհանեն: Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը պահանջեցին կրկին քվեարկություն ապահովել: Տիկին Փոստանջյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը ներկայացրել էր նախագիծ՝ կարգազանց պատգամավորներին պատժելու վերաբերյալ: Նա հորդորեց ցույց տալ, թե որ պատգամավորն է ում տեղը քվեարկել, որպեսզի այդ պատգամավորին կարգազանց ճանաչեն: Գալուստ Սահակյանն էլ իր հերթին Զարուհի Փոստանջյանից պահանջեց՝ ասել, թե որ պատգամավորն է քվեարկել ուրիշի փոխարեն: «Կարգազանցությունը բոլորիդ մոտ է, եթե այնտեղ ինչ-որ մեկը քվեարկել է մեկի փոխարեն, ասեք՝ ով է քվեարկել, մենք էթիկայի հանձնաժողովում այդ մասին լսել տանք: Նայել եմ, տեսել եմ՝ իրոք տեղում մարդ չկա, քվեարկությունը հանել ենք, կմտածենք՝ ով է քվեարկել, նրան էթիկայի հանձնաժողով կտանք»,-ասաց ԱԺ նախագահը: Ի դեպ, Թեւան Պողոսյանի ակնարկած բացակա, սակայն նրա փոխարեն գրանցված պատգամավորը ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի կողքին նստող Ռուբեն Սադոյանն էր: ԱԺ-ն ընդունեց նաեւ 1000 դրամների գանձման վերաբերյալ նախագծերի փաթեթը: Այն ընդունվեց 84 կողմ, դեմ 4 և 1 ձեռնպահ քվեարկությամբ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: ԱԺ-ն երկրորդ ընթերցամբ ընդունեց նաև «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը 85 կողմ, 4 դեմ, 7 ձեռնպահ քվեարկությամբ: