Ծանուցումները՝ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով (տեսանյութ)
Արգելանքների եւ վարչական ակտերի մասին ծանուցումներն այսուհետ կտրամադրվեն էլեկտրոնային տարբերակով: Գործադիր մարմինն այսօր ընդունեց «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս որոշումը բխում է վարչապետի ավելի վաղ տված հանձնարարականից. «Փոստային միջոցով ծանուցումը երբեմն ժամանակին տեղ չի հասնում եւ փաստորեն պատշաճ ծանուցում ապահովելը երբեմն դառնում է անհնար: Օրենքի փոփոխությամբ քաղաքացիները ծանուցումները կարող են ստանալ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, իրենց ցանկությամբ: Ծանուցումը՝ քաղաքացու լիազորությամբ կարող է էլեկտրոնային որեւէ միջոցով ստանալ նաեւ նրա ազգականը կամ հարեւանը»: