Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի նախագահի այցը Երևան՝ Իսրայելա-ադրբեջանական մերձեցման ֆոնին

Քաղաքականություն
iran

Օրերս հայտնի դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան, ապա Ղազախստան և Ղրղըզստան: Ու թեև այցի նախապատրաստման մասին հայտնի էր դեռևս հոկտեմբերին, սակայն վերջնական օրը հայտարարվեց դեկտեմբերի 18-ին: Անցած երկու տարիները, վստահաբար, նպաստավոր էին ադրբեջանա-իրանական հարաբերությունների համար և հետևաբար անբարենպաստ Հայաստանի համար՝ մասամբ նաև Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Մասնավորապես, Թեհրանը և Բաքուն մի շարք համաձայնագրեր են կնքել և սկսել աշխատանքներ երկաթուղային կապն ամրացնելու ուղղությամբ՝ Ադրբեջանը դարձնելով Իրան-Ռուսաստան առևտրի հիմնական տարանցիկ ուղին: Ավելին՝ Ադրբեջանը այս տարվա ամռանը դարձել էր Ռուսաստանի և Իրանի համար դիվանագիտական հանդիպման վայր: Բացի սա՝ Իրանի և Ադրբեջանի միջև նախագահական մակարդակով հանդիպումներն անցած երեք տարիներին սովորական երևույթ էին դարձել (առնվազն 7 նախագահական հանդիպում է կայացել անցած երեք տարում), մինչդեռ Հայաստանի հետ նմանօրինակ հանդիպումներ Իսլամական Հանրապետության նախագահը վերջին շրջանում չի կատարել: Հետևաբար, կարելի է պնդել, որ Հասան Ռոհանիի՝ դեկտեմբերի 21-ին կայանալիք երևանյան այցը Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի: Նկատենք նաև, որ Թեհրանը Ռոհանիի՝ Երևան ժամանելու հստակ օրը հայտնեց Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցից երկու օր անց: Իսկ Նեթանյահուն, իր հերթին, Բաքու և Աստանա կատարած իր այցերի ընթացքում քննադատական հայտարարություններով էր հանդես եկել Իրանի հասցեին և Բաքուն անվանել Հարավային Կովկասում իսրայելական պետության ռազմավարական դաշնակից: Դրան, բնականաբար, հետևեց Իրանի հոգևոր առաջնոր Ալի Խամենեի քննադատությունը (զարմանալի չէ, որ Թեհրանին դուր չեկան իր հյուսիսային հարևանի տարածքից հրեական պետության ղեկավարի հնչեցրած հայտարարությունները): Հետաքրքիր է մեկ փաստ ևս․ Երևանից Իրանի նախագահը կմեկնի Աստանա, որտեղ իրենից մի քանի օր առաջ եղել է Նեթանյահուն: Համադրելով այս ամենը, կարելի է արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի համար բարենպաստ պահ է ստեղծվել Իրանի հետ հարաբերությունները գործնականում սերտացնելու համար: Ընդ որում՝ այս հնարավորությունը ստեղծվել է առանց հայկական կողմից որևէ ջանքի: Բայցևայնպես, պետք է նաև սթափ գիտակցել, որ Հասան Ռոհանիի երևանյան այցը ոչ միայն հայ-իրանական բարեկամության, այլ իսրաելյա-իրանական թշնամանքի դրսևորում է: Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»